Մատչելիության հղումներ

Լիտվայի ու Վրաստանի նախագահները համատեղ հռչակագիր են ստորագրել


Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր համատեղ հռչակագիր են ստորագրել։

Հռչակագիրը աջակցություն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականության ու Վրաստանի ինտեգրմանը Եվրոպական ու Եվրաատլանտյան ինստիտուտներին։

Մամուլի համատեղ ասուլիսում Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Վրաստանը անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Մենք նաև քննարկել ենք Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականությունը և Լիտվայի օգնությունը Եվրամիությանը ինտեգրվել ձգտող երկրներին։ Դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», -ասել է նա, նշելով, որ Լիտվան ողջունում է Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի «Ասոցացման եռյակի» ստեղծումը։

Եվրամիության Արևելյան գործընկերությունում ընդգրկված վեց երկրներից այդ երեքն են Բրյուսելի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը։

Լիտվայի նախագահը պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել հունիսի 10-ին։ Նույն օրվա երկրորդ կեսին նա այցելել էր Հարավային Օսիայի հետ Վրաստանի վարչական սահման, որտեղ Թբիլիսիի պնդմամբ՝ ռուսաստանցի սահմանապահները անօրինական պատնեշներ ու փշալարե սահմանազատող գիծ են կառուցել։

«Ես տեսա պատերազմի ցավագին հետևանքները։ Դա մարտահրավեր է թե՛ ձեր, թե՛ մեզ համար», - Վրաստանում ասել է Լիտվայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG