Կալիֆորնիայում Archer ընկերությունը ներկայացրել է թռչող տաքսիի մոդելը։ Այն էկոլոգիապես մաքուր էլեկտրական թռչող ապարատ է, որը վառելիք չի օգտագործում և աշխատանքի ընթացքում միայն վերալիցքավորվելու կարիք ունի։
Նախագծողների կարծիքով՝ այն կարող է մրցակցել հանրային տրանսպորտի հետ։ Թռիչքն ու վայրէջքը կատարվում են ուղղահայաց, ուստի հատուկ ուղիների անհրաժեշտություն չկա, սովորական կայանատեղիները, կամ բաց տարածքները լիովին բավարար են։
«Թռչող տաքսին» մեկ ժամում կարող է բացել 240 կմ արագության, իսկ մեկ երթուղով անցնել մինչև 100 կիլոմետր։ Archer ընկերության ներկայացուցիչները գտնում են, որ այն հարմար կլինի մեգապոլիսների բնակիչների համար, որտեղ ճանապարհային խցանումները շատ ժամանակ են խլում։
Օրինակ՝ Նյու Յորքում Քենեդիի անվան օդանավակայանից մինչև Մանհեթեն կարելի է հասնել 7 րոպեում, վճարելով սովորական տաքսիի գրեթե նույն ուղեվարձը՝ 50-70 դոլար:
Archer ընկերությունը մտադիր է «թռչող տաքսին» կոմերցիոն շահագործման մեջ դնել 2024 թվականից։ Ներկայումս ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային դեպարտամենտում գործընթաց է սկսվել սերտիֆիկատ ստանալու համար։ Բայց արդեն մի շարք խոշոր ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում, մասնավորապես United Airlines ավիաընկերությունը մտադիր է 200 «թռչող տաքսի» գնել։