Մատչելիության հղումներ

«Հայաստան»-ի Գյումրիի շտաբից ահազանգում են՝ իրենց համակիրներին ազատում են աշխատանքից, «Իմ քայլ»-ից բացառում են քաղաքական ճնշումը


«Հայաստան» դաշինքի Գյումրիի շտաբի պատասխանատու Հովհաննես Ասոյան
«Հայաստան» դաշինքի Գյումրիի շտաբի պատասխանատու Հովհաննես Ասոյան

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրեսի Գյումրիի շտաբի պետ Մուրադ Գրիգորյանը նախընտրական Գյումրիում լարվածություն առայժմ չի նկատում: Փոխարենը նա մտահոգություն ունի, որ քարոզարշավը ոչ թե ծրագրերի շուրջ է, այլ` երկու ուժերի ատելության թանձրացման, որը ոչ մի լավ տեղ չի տանելու:

«Իշխանության քարոզիչները՝ վարչապետի գլխավորությամբ, և Քոչարյան Ռոբերտի աջակիցներն` իրենց ղեկավարով, իրենց աջակիցներով, իրենց թիմով, փոխադարձ ատելություն սերմանելու և դա թանձրացնելու մոլուցքը, տենդը լավատեսության տեղ չի թողնում։ Քաղաքակիրթ քարոզարշավ, քաղաքակիրթ, օրինական ընտրություն, քվեարկություն անցկացնելու համար։ Ըստ իս, միտումնավոր նշաձողն իջեցնում են թվարկածս երկու ուժերը, նշաձողն իջեցնում են միջանձնային հարաբերությունների՝ «ես, դու, ես պոպուշ եմ, դու քխ ես», նույնիսկ էդ մակարդակի ու համեմված հայհոյախառն, սպառնալից և այլ արտահայտություններով, դա արդեն քաղաքական, քաղաքակիրթ ընտրարշավ չէ», - ասաց Գրիգորյանը։

Ընդդիմադիր ՀԱԿ֊ի ցուցակում Շիրակի մարզից 4 թեկնածու է ընդգրկվել: Հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում կլինի՞ Գյումրիում, Մուրադ Գրիգորյանը պատասխանեց՝ այս պահին չգիտի՝ որոշում կայացնողն առաջին նախագահն է։

Ի տարբերություն Հայ ազգային կոնգրեսի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Գյումրիի շտաբի պատասխանատու Հովհաննես Ասոյանը ահազանգում է, որ իրենց համակիրների նկատմամբ իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են տեսնում՝ ազատելով աշխատանքից:

«Մեր համակիրներին աշխատանքներից ազատում են, որոնք մեր կողմնակիցներն են՝ դպրոցի տնօրեններ կան արդեն ազատված, 1-ին պոլիկլինիկայի տնօրենին էսօր առավոտն ազատեցին աշխատանքից, երեկ հանդիպում ունեինք բժշկական հանրության հետ, ինքն ակտիվ մասնակցում էր, առավոտը ստացավ հրամանը։ Էս մեթոդներով, եթե շարունակենք, շուտով ոչ մի դպրոցի տնօրեն, ոչ մի բուժհաստատության տնօրեն գրեթե չի մնա, բոլորն ազատված կլինեն աշխատանքից։ Եղել է այս ճնշումների պրակտիկան, եղել է բոլոր ժամանակներում, մենք գիտենք, ընտրություններին մասնակցել ենք, բայց էսպես կոպիտ եղանակով առաջին անգամ ենք նկատում», - ասաց Ասոյանը։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող պատգամավոր և ընտրացուցակում 91-րդ համարը զբաղեցնող Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը բացառում է, որ աշխատանքից ազատումները քաղաքական ենթատեքստ ունեն:

«Վստահեցնում եմ, որ որևէ քաղաքական հետապնդում, կամ որևէ քաղաքական ճնշում չկա և չի կարող լինել, այդ ամենն իրավական հարթության մեջ է և, իմ կարծիքով, համապատասխան մարմինները, կոնկրետ մարզպետարանը, որովհետև մարզպետարանի ենթակայության տակ է, իրենք կարող են հիմնավորել, թե ինչ պատճառով, կամ ինչ կետով են նրանք ազատված։ Ես գիտեմ, որ շատ դպրոցների տնօրեններ մեր մարզում հստակ, որոշակի քրեական գործերով են անցնում, կարող է և համընկնում լինի այս պրոցեսի հետ և իրենք փորձեն այդ ամենը որակել որպես քաղաքական հետապնդում։ Բայց վստահեցնում եմ, որ քաղաքական հետապնդում չի կարող լինել», - ասաց Սարուխանյանը։

Երկրորդ նախագահի Գյումրիի շտաբի պատասխանատուն նշում է, որ այս պահին բացի իրենց համակիրներին աշխատանքից ազատելու ահազանգերից, այլ խոչընդոտների չեն հանդիպել նախընտրական շտաբների տարածքների հարցում:

Հովհաննես Ասոյանը ևս նշում է, որ լարվածություն այս պահին Գյումրիում չի նկատվում:

Երրորդ նախագահ Սերժ Սարգասյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը «Հայրենիք» կուսակցության հետ «Պատիվ ունեմ» դաշինքում առաջին տասնյակում ընդգրկել է գյումրեցի նախկին պատագամավոր Մարտուն Գրիգորյանին:

Հարցին, թե երեք տարվա դադարից հետո քաղաքականություն վերդառնալուց հետո, ինչո՞ւ է հենց քաղաքական այդ դաշինքն ընտրել, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց․ - «Էսօր հենց «Պատիվ ունեմ» դաշինքը և դաշինքի ղեկավարությունը լուրջ վերաբերմունք և մոտեցում են ցույց տվել Շիրակի մարզին։ Էսօր մենք տեսնում ենք, որ էդ առումով նույն Շիրակի մարզն ունի խնդիր, էսպես ասեմ, անցողիկ տեղով ցուցակում, առաջին տասնյակի մեջ, ընդգրկելով շիրակցուն, գյումրեցուն, ով ներկայացնելու է Շիրակի մարզի խնդիրները»։

Մարտուն Գրիգորյանն ասում է՝ լարվածություն Գյումրիում չկա այս պահին և հետագայում ավելորդ պրովակացիաները երկրորդ քաղաքում պետք չեն․ - «Լրացուցիչ ուժեր կան, լրացուցիչ պրովոկատորներ մեր մարզին պետք չեն, ես ընդհանուր առմամբ բոլորին եմ ասում։ Ես առաջին անգամը չէ, որ ընտրությունների մեջ եմ, ընտրական պրոցեսներով եմ անցնում, ամեն ինչ տեսել ենք ժամանակին, ուղղակի ասում եմ, որ պետք չէ, Գյումրին էսօրվա դրությամբ նորմալ վիճակով գնում է, ինքն իր հունով իր ընտրությունները կազմակերպելու է»։

XS
SM
MD
LG