Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ Բրյուսելում հունիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կմեկնի Ադրբեջան:
«Բրյուսելյան ծրագրից հետո մտադիր եմ հյուր գնալ Բաքու՝ նախագահ Իլհամ Ալիևի մոտ, այնտեղից մենք կմեկնենք ազատագրված ադբեջանական քաղաքներից մեկը՝ Շուշի, որտեղ մի շարք հանդիպումներ և միջոցառումներ կանցկացնենք», - այսօր ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Նա հույս է հայտնել, թե Բաքվում կկարողանա Ալիևի հետ միասին դիտել Եվրո-2020-ի ֆուտբոլի առաջնության հանդիպումներից մեկը: Թուրքիայի թիմը մասնակցում է այդ առաջնությանը:
«Հուսով եմ, որ մեր հավաքականը հաջողություն վաստակելով կվերադառնա Հռոմից, որտեղ հունիսի 11-ին տեղի կունենա առաջին խաղը, և մենք երկրորդ խաղը կդիտենք Ադրբեջանում, ահա այդպիսի ծրագիր ենք կազմել մեր եղբայր Իլհամի հետ», - ասել է Էրդողանը:
Խոսելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ կապված ակնկալիքների մասին՝ նա ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքից սպասում է «տարածաշրջանային տարբեր վտանգներից պաշտպանվելու գործում հարգանք Թուրքիայի օրինական շահերի նկատմամբ»: