Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ասել է, որ կառավարությունը կվերանայի «Նամախվանիի» հիդրոէլեկտրակայանը կառուցելու պայմանագիրը:
«Դուք գիտեք, որ ես ժառանգել եմ այդ հարցը, ես ակտիվորեն աշխատում եմ: Կարող եմ հայտնել, որ մենք չենք շարունակի ծրագիրն այն տեսքով, որով ստացել ենք, մենք հիմա բանակցում ենք ներդրողի հետ, և ես հուսով եմ, որ կհամոզենք նրան էլ ավելի բարելավել ծրագիրը, որ այն համապատասխանի մեր երկրի շահերին»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանում Ռիոնիի կիրճի շրջանում ապրող մարդիկ դեմ են հիդրոէլեկտրակայանի կառուցմանը, որը մեկնարկել է անցյալ տարվա նոյեմբերին: Բնակիչները բողոքի երթեր են անցկացրել մայրաքաղաք Թբիլիսիում:
Ակտիվիստները պնդում են, որ Ռիոնի գետի վրա կառուցվող կասկադային տեսակի հիդրոէլեկտրակայանն անդառնալի վնաս կհասցնի շրջակա միջավայրին: Կայանը կառուցում է ENKA թուրքական ընկերությունը: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 800 միլիոն դոլար:
Շինարարութունը պետք է սկսվեր դեռ 2009 թվականին, սակայն բազմիցս հետաձգվել է բնակիչների բողոքի ակցիաների կապակցությամբ: