Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հաստատել են Ալցհայմերի հիվանդության դեմ նոր դեղամիջոց


Ալցհայմերի հիվանդության դեմ Aduhelm դեղամիջոցը:
Ալցհայմերի հիվանդության դեմ Aduhelm դեղամիջոցը:

Միացյալ Նահանգների պարենի և դեղամիջոցների դաշնային վարչությունը հաստատել է Ալցհայմերի հիվանդության դեմ նոր դեղամիջոցը, որը ստեղծել են Biogen ամերիկյան ընկերության գիտնականներն ու դեղագործները:

Նոր դեղամիջոցի անունն է «aducanumab», դեղատներում և բժշկական հիմնարկներում այն կհայտնվի Aduhelm անվան տակ:

Վերջին անգամ 18 տարի առաջ է արձակվել Ալցհայմերի հիվանդության դեմ դեղամիջոց կիրառելու թույլտվություն:

Ցայսօր ստեղծված դեղամիջոցները թույլ են տվել ոչ թե բուժել հիվանդության բուն պատճառն, այլ այս կամ այն չափով մեղմել այդ չափազանց բարդ և, ըստ էության, անբուժելի համարվող հիվանդության ծանր հետևանքները:

Ուստի, լավատես մասնագետների համոզմամբ, Biogen ընկերության գյուտը կարող է հիրավի բեկումնային դառնալ, քանի որ Aduhelm-ը պետք է ոչնչացնի հիվանդության հիմնապատճառը և հարվածի «amyloid beta» տեսակի պրոտեինի կծիկներին, որոնք կուտակվում են ուղեղի կեղևում:

«Քաջալերող օր է Ալցհայմերով հիվանդների համար, առաջացավ ինչ-որ հույս, որ այս նոր դեղը փոփոխություն կբերի, կազդի հիվանդության բուն ընթացքի վրա, մինչ օրս կիրառվող դեղերն ինչ-որ չափով ազդել են հիվանդության ախտանիշների վրա, բայց պատճառը շրջանցել են, aducanumab-ը պետք է հարվածի ամիլոիդի պրոտեինին, որքան կնվազի այդ պրոտեինն, այնքան ավելի կբարելավվի հիվանդի առողջական վիճակը», - ասել է «Մայո» կլինիկայի Ալցհայմերի հիվանդության հետազոտական կենտրոնի տնօրեն Ռոնալդ Պետերսենը:

Ամբողջ աշխարհում մոտ 35 միլիոն մարդ է տառապում այս հիվանդույունից: Պրոտեինի կծիկները կուտակվում և քայքայում են ուղեղը, հիվանդն աստիճանաբար զրկվում է ինքն իրեն հետևելու, խնամելու կարողությունից, առաջանում է թուլամտություն, սոցիալական կյանքն ավարտվում է, մարդը դառնում է անպաշտպան, սկսում է չճանաչել նույնիսկ ամենամտերիմներին, անձը՝ որպես այդպիսին, ոչնչանում է, կարևոր օրգանների աշխատանքը խափանվում է, և մարդը մահանում է:

Հիմա կա հույս, որ այս չար ընթացքը կհաջողվի, եթե ոչ ամբողջությամբ վերացնել, ապա առնվազն էապես զսպել և երկարացնել մարդու բնականոն, լիարժեք կյանքի տևողությունը:

«Մարդիկ պետք է սա ընկալեն որպես հույսի նշան, սա միայն սկիզբն է: Դեռ շատ անելիք ունենք, ժամանակ չպետք է կորցնենք, հետազոտությունները շարունակվում են, պետք է կենտրոնանանք հիվանդությունը կանխելու վրա, որքան արագ է բացահայտվում Ալցհայմերն, այնքան ավելի դյուրին է հիշողության կորստի կասեցումը», - ասել է Brown-ի պրոֆեսոր Սթիվն Սալլովեյը:

Aduhelm անվամբ դեղամիջոցը նախնական շրջանում շատ թանկ կլինի, ինչպեսև բոլոր ծանրագույն հիվանդությունների դեմ օգտագործվող դեղամիջոցները:

Բուժման տարեկան կուրսի գինը կկազմի մոտ 56 հազար դոլար: Բայց մասնագետները վստահեցնում են, որ տեսանելի ապագայում գինը կիջնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG