Իսրայելն ու Իտալիան 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած Զանգելանի շրջանում համատեղ ներդրումային ծրագիր կիրականացնեն։ Այս մասին Twitter-ի իր օգտահաշվում տեղեկացրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը։
Զանգելան կատարած այցի ընթացքում իսրայելցի դիվանագետը հայտարարել է, որ իսրայելական ու իտալական ընկերությունները մասնակցելու են Զանգելանում նախագծված «խելացի քաղաքի» շինարարությանը։
«Այդ խելացի քաղաքում Իսրայելը կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ֆերմա կստեղծի։ Այն իր արտադրանքը կուղարկի այստեղից ոչ հեռու գտնվող իտալական գործարան, որն էլ կզբաղվի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների արտադրությամբ», - հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանը։