Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ը հայտնում է կազմակերպված խմբի կողմից պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ
Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության աննախադեպ դեպք բացահայտելու մասին։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննության և դրան զուգահեռ հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգևով պարգևատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող և Հայաստանի քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ, աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի և այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:

Ապա ԱԱԾ-ն մանրամասնում է․

«Այդ պահից սկսած՝ վերը նշված անձինք, միավորվելով պետական դավաճանություն կատարելու միևնույն նպատակի շուրջ, միմյանց միջև ձևավորել են կայուն կապ, անխախտ, փոխադարձ համաձայնություն, երկարատև և մանրակրկիտ կերպով նախապատրաստել են հանցագործության կատարումը, կատարել դերերի, ակնկալվող եկամուտների բաշխում, պլանավորել հանցագործության քողարկման եղանակները, կապի միջոցները, փոխանցման ենթակա տեղեկատվության ծավալը, նշանակությունը՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստանալով համապատասխան հրահանգավորումներ և ցուցումներ:

Կատարված նախապատրաստական գործողություններից հետո Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ անձինք Թուրքիայից մեկնել են մեկ այլ երկիր՝ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպելու, բանավոր կերպով ձեռք բերված համաձայնությունը փաստաթղթավորելու և կոնկրետ հանձնարարականներ ստանալու համար:

Երրորդ երկրում գտնվող Ադրբեջանի դեսպանատան տարածքում հիշյալ անձինք ստորագրել են հավաքագրման համաձայնագրեր՝ առ այն, որ տալիս են իրենց ստորագրություններն ու համաձայնությունը թշնամու կողմն անցնելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության գործելու վերաբերյալ, որից հետո հատուկ ծառայությունների աշխատակիցներից ստացել են համապատասխան ծածկանուններ և կանխավճարների տեսքով գումարներ:

Հնարավորինս գաղտնի գործելու և քողարկված եղանակով օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու նպատակով, կազմակերպված խմբի անդամները հատուկ ծառայությունների աշխատակիցներին տվել են իրենց կողմից օգտագործվող թուրքական հեռախոսահամարները և դրանցով գրանցված ինտերնետային հավելվածների նույնականացման վերաբերյալ տեղեկությունները:

Այնուհետև, հիշյալ անձինք պարբերաբար կապ են պահպանել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ, որոնց շրջանակներում լուսանկարել և տեսանկարահանել են ՀՀ ՊՆ զորամասերը, այնտեղ տեղակայված զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը, զորամասի հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումները, հատուկ և կարևորագույն օբյեկտների շրջակայքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների առկայության վերաբերյալ տվյալները, լուսանկարել և տեսանկարահանել են նաև պետական և ռազմավարական նշանակություն ունեցող հատուկ և կարևորագույն օբյեկտները՝ ջրամբարները, հիդրոէլեկտրոկայանները, ստրատեգիական բարձունքները, պատերազմական գործողությունների ժամանակ պատսպարվելու համար նախատեսված ապաստարանները, զորքերի, զինտեխնիկայի քանակն ու տեղաշարժը, որոնք բջջային հավելվածներով ուղարկել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ այդ ընթացքում ակտիվացնելով ինտերնետ հասանելիությունը և այդ կերպ հնարավորություն տալով տեղորոշելու հատուկ պահպանվող օբյեկտների տեղակայումների հստակ կոորդինատները»:

Դրանից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, կազմակերպված խմբի անդամներից մեկը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ՝ Հադրութի ինքնապաշտպանական շրջան և, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, մինչև հոկտեմբերի վերջը շարունակել է տեղեկությունների հավաքագրումը և թշնամական պետության հատուկ ծառայություններին դրանց փոխանցումը, որոնց ընթացքում իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել և տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը՝ Արցախի և Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց և պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների և այլնի վերաբերյալ, ասված է հաղորդագրությունում։

Արդյունքում, նշված գործողությունները հնարավորություն են տվել թշնամուն տեղորոշել ռազմավարական տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրերը և կատարել անվրեպ խոցումներ, նպատակուղղված հարվածներ հասցնել թիրախներին, շարքից հանել հայկական բանակային միավորումները, զինտեխնիկան և կենդանի ուժը, ինչի հետևանքով էականորեն խաթարվել է Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի Պաշտպանության բանակի մարտունակությունը, խոչընդոտվել է մարտական խնդիրների հետագա իրագործումը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից հարավային ուղղությունում պաշտպանության գծի ճեղքման և դեպի Արցախի խորքը հետագա առաջխաղացման համար, ընդգծում է ԱԱԾ-ը։

«Շարունակելով հանցավոր գործողությունները՝ կազմակերպված խմբի անդամներից մեկը, նույն դիտավորությամբ, լուսանկարահանել և ինտերնետային համակցման եղանակով հստակ տեղեկություններ է փոխանցել նաև խորը թիկունքում տեղակայված զենիթահրթիռային համալիրներից մեկի գտնվելու վայրի մասին և այն դարձրել նպատակաուղղված գրոհի թիրախ, որի արդյունքում հնարավորություն է տվել հակառակորդին հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառմամբ կանխամտածված կերպով գրոհել թիրախը և ոչնչացնել այն», - փոխանցում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

«Այսպիսով, կազմակերպված խմբի անդամները անցել են թշնամու կողմը և վարձատրության դիմաց լրտեսության, այլ օգնություն ցույց տալու եղանակներով հանձնելու նպատակով հավաքել, իրենց մոտ պահել և օտարերկրյա պետության ներկայացուցիչներին հանձնել են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որով հակառակորդին ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, ՀՀ ԶՈԻ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու գործողությունների հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում թշնամու համար ստեղծել նպաստավոր պայմաններ՝ նպատակային և արդյունավետ խոցման համար, խոչընդոտել Արցախի ՊԲ և ՀՀ ԶՈԻ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել պետական դավաճանություն», - նշված է հաղորդագրությունում։

Կազմակերպված խմբի անդամներից երկուսը ներգրավվել են որպես մեղադրյալ և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում մեղադրյալների բնակարաններում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են նաև զորքերի համար նախատեսված հատուկ կապի միջոցներ, բջջային հեռախոսներ, ուսումնական զորավարժությունների ժամանակ կատարված տեսանկարահանումների վերաբերյալ տեսաերիզներ, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

ԱԱԾ-ը նշում է նաև, որ պետական դավաճանությունը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, և պետական դավաճանություն կատարած անձանց համար սահմանված են խիստ պատժատեսակներ և պատժաչափեր, այն է՝ 15-ից 20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG