Մատչելիության հղումներ

«Մեր երեխաների անունն ու արյունը մի՛ շահարկեք ձեր կեղտոտ գործերի համար». զոհված սպայի ծնողի հորդորը


Մեր երեխաների անունն ու արյունը մի՛ շահարկեք ձեր կեղտոտ գործերի համար, քաղաքական ուժերին հորդորում է Լեռնավան գյուղի բնակիչ Շիրազ Խաչատրյանը, որ 44-օրյա պատերազմում կորցրել է 29-ամյա որդուն։

Ասում է՝ հատկապես ընտրություններից առաջ կուսակցությունները պատերազմն ու դրա հետևանքները դարձրել են միմյանց պախարակելու կամ առավելություններ գրանցելու միջոց. «Այն, որ շահարկում են մեր երեխեքի անունը, արյունն իրենց կեղտոտ գործերն առաջ տանելու համար, դա մեր կողմից անընդունելի է, դրանք գալող են, գնացող են, անցողիկ են` թե՛ իշխանությունը, թե՛ մյուսը: Այնքան ինֆորմացիա է գալիս, էստեղ հասնում, որ չգիտես` որն է իրականությանը համապատասխանում, որը` սխալ, որ կողմնորոշվես»:

Խաչատրյանների որդու՝ Լյովայի շիրիմն ամփոփված է Լեռնավանի երկրաշարժի զոհերի հուշահամալիրում։ Հուշարձանն իրենց տան դեմ-դիմաց է, բարձունքում։ Մայրը՝ Մարինե Խաչատրյանն ասում է՝ դա օգնում է անընդհատ զգալ որդու ներկայությունը. «Իրենով ենք ապրում, հիշելով, իր հետ խոսելով, միշտ իր հետ ենք»:

Լյովան գյուղի պարծանքն էր։ Դեռ դպրոցական տարիներին բոլորը գիտեին՝ նա կարևոր մարդ է դառնալու, ասում են ծնողներն ու ցույց տալիս բազմաթիվ մեդալներն ու պատվոգրերը։ Հետմահու արժանացել է նաև «Մարտական ծառայության» մեդալի։ Բայց դա արդեն սգավոր ծնողների աչքին չի երևում. «Դա արդեն երկրորդական է, քանի որ ինքը չկա»:

Լյովան ուսանել է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայի ու Միացյալ Նահանգների լավագույն ռազմական կենտրոններում։ Աշխարհի 28 երկրներում է եղել, վերապատրաստում անցել ու խաղաղապահ ջոկատի բարձրակարգ մարտիկ դարձել, բարձր կոչումների հասել։ Լյովայի համագյուղացին՝ Նելսոն Բեգլարյանը ասում է, թե ընկերոջը միշտ կեսկատակ-կեսլուրջ հարցնում էր՝ ինչո՞ւ այդ երկրներում չի մնում, Հայաստան է վերադառնում. «Ասաց` ուրիշ ոչ մի տեղ Լեռնավանի նման գիշեր չկա, ու միշտ հիշում եմ, հիմա էլ, որ էլի տեսնում եմ, գնում են, չգիտեմ, մենք էստեղ ապրելու պարտք ունենք, մենք ուրիշ տեղ գնալու չունենք: Սա մերն է»:

Հայրը որդու ընկերների պատմածներն է փոխանցում, թե երկու անգամ նույն տեղանքը ռմբահարվել է։ Լյովան առաջին անգամ ոտքից վիրավորվել է, ընկերները հավաքվել են նրա ոտքը վիրակապելու, բայց տղան` որպես վաշտի հրամանատար, բոլորին հորդորել է չհավաքվել, հեռանալ տեղանքից։ Բոլորը հետ են քաշվել, հենց այդ րոպեին, երկրորդ ռմբակոծումից զոհվել է սպան. «Ասում են` մեզ փրկեց էլի, հետ նայեցինք, որ արդեն նոր էինք խրամատից դուրս եկել, հետ նայեցինք, որ արդեն Լյովս չկա: Ասում է` փաստորեն մեզ փրկեց այդ ընկերը: Տեսել էր, որ այնտեղ մենք էլ չենք կարա, ասում էր, որ վերևից է թափվում: Համ գիտեր, համ գնաց, ոնց որ պարտադիր ընկերներիս հետ լինեմ, ասում էր, որ չգան, գան, հասնեն ստեղ: Լյով, ի՞նչ, ստեղ ո՞վ պիտի գա: Փաստորեն գալիս են էլի, էսօր շարունակվում է նույն բանը»:

Նոյեմբերի 2-ին է զոհվել։ Դրանից երեք օր առաջ երկվորյակ քրոջ առաջնեկն էր ծնվել, ընտանիքի առաջին թոռնիկը։ Քույրը՝ Լալիկն ասում է՝ Լյովան անհամբերությամբ էր սպասում փոքրիկի ծնվելուն, բայց ընդամենը առաջին լուսանկարն է հասցրել տեսնել. «Ինքը շատ էր սպասում, որ քեռի պետք է դառնա: Դեռ չէր ծնվել Լիդաս, ինքն արդեն նվերներով եկավ, որ պետք է աղջիկ ունենայինք, ու շատ ուրախ էր: Երբ ծնվեց, առաջին նկարն իրեն էր ուղարկել, հասցրել, տեսել էր»:

Մեծ կորուստ կրած Խաչատրյանները որոշել են՝ կմասնակցեն առաջիկա արտահերթ ընտրություններին։ Շիրազ Խաչատրյանն ասում է` ձեռքը թափ տալով իրավիճակ չես փոխի. «Այս դեպքից հետո ոնց որ ամեն ինչ էական չլինի մեզ համար, ուղղակի երևույթ է, որ ուզենք, թե չուզենք, որ ասում են` կյանքը շարունակվում է, մենք ուղղակի ականատեսն ենք այս շարունակվող կյանքի, ոչ թե մենք այդ կյանքով ապրում ենք, այլ շարունակում ենք այդ կյանքը, այդքան բան: Բոլոր դեպքերում պետք է գնանք, որ մեր մնացողների համար փոփոխություն լինի, գոնե լավ լինի, գոնե այնպիսի իրավիճակ լինի, որ այսպիսի դեպքեր էլ չլինեն»:

«Ոչ մեկին չենք ցանկանում, որ մեր օրին լինեն: Ինչ տեսել ենք, գոնե սրանով ժողովուրդը սահմանափակվի, մեղք են, չենք ցանկանա` ոչ մի ընտանիք մեր վիշտը զգա: Շատ դժվար է», - ասում է մայրը:

Լեռնավանի ևս երկու ընտանիքում պատերազմից 7 ամիս անց դեռ սպասում են իրենց զավակներին։ Գյուղում 2 անհետ կորած զինվորների մասին լուր չունեն, հոգու խորքում իրենք իրենց համոզում են, թե դեռ կգան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG