Մատչելիության հղումներ

«Կարծում եմ, որ զգալի տեղ ենք ունենալու խորհրդարանական ընտրությունների արդյունքով». Լևոն Շիրինյան


«Այո, խորհրդարան անցնելու ենք և երևի թե երկրորդ տեղի համար պետք է պայքարենք», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի անդամ Լևոն Շիրինյանը:

Թե քանի տոկոսի քվե են ակնկալում ընտրողներից, Շիրինյանը պատասխանեց. «Ես այս մի շաբաթվա ընթացքում կխուսափեմ տոկոսներից, բայց տենդենցները կարող եմ ասել, որ անկումով, բայց ՔՊ-ն առաջ է գնում, երկրորդը՝ բախման իմաստով Քոչարյանն է, բախման իմաստով, որովհետև այստեղ ռեստավրացիայի և հեղափոխության շարունակության ռևանշիզմի հարցերը կան: Բայց ես կարծում եմ, որ մենք զգալի տեղ ենք ունենալու խորհրդարանական ընտրությունների արդյունքով»:

Արձագանքելով օգտատերերից մեկի հարցին, որ 2012 թվականին համացանցում տարածված տեսանյութում Շիրինյանը խրախուսում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, Լևոն Շիրինյանն ասաց, որ «2012-ին քաղաքական այլ իրավիճակ էր, հիմա բոլորովին այլ իրավիճակ է»:

«Ես դա մեկ անգամ չեմ արել, նույնիսկ կարծեմ այդ թվականին կամ մի տարի առաջ կամ հետո, հեռախոսով զանգեցին, ասել են, որ Քոչարյանը վերադառնում է, ես ասել եմ, որ դա խիստ անհրաժեշտ է: Դա «Իրատես» թերթում է եղել, որտեղ վերնագիրը եղել է այսպես՝ «Բուրգը պետք է ճաքի, եթե չճաքի, Հայաստանը գնում է դեպի անկում»: Այն ժամանակ Քոչարյանը եղել է հավանաբար այդ ֆիգուրան, որ չկար ասպարեզում և կուսակցական պայքար չկար»:

Հարցին՝ ներկայումս ևս կարծո՞ւմ է, թե Քոչարյանը քաղաքական ուժեղ ֆիգուր է, Շիրինյանը պատասխանեց. «Հիմա չեմ կարծում, որովհետև ինքը ապրել է էվոլուցիա, և նրա դիրքորոշումը տեղափոխվել է բոլորովին այլ բան: Այսօր ինքը պետության շահեր չի արտահայտում»:

Օգտատերերից մեկի հարցին էլ, թե «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը ինչպիսի՞ փոփոխություն է նախատեսել անել կրթության, գիտության ոլորտում, Շիրինյանը պատասխանեց. «Կրթությունը ինքնին չի կարող բարեփոխվել և չի կարող մեծ արդյունքներ ունենալ: Երբ որ հասարակությունն իր առջև խնդիր կդնի, թե ինչպիսի պետություն է ուզում ստեղծել, այդ ժամանակ գիտությունը կսպասարկի սրան, կծառայի և բոլորս միասին կմոդելավորենք կրթական համակարգը: Մենք դնում ենք ավելի գլոբալ հարց՝ Հայաստանը գիտարդյունաբերական սեփական հումքի վրա բարձր մշակույթով զարգացող պետություն պիտի դառնա: Իմ տեսակետը հետևյալի մեջ է՝ անգլիական փորձը ցույց է տալիս, որ արդիկանացված, անգլիական կրթական համակարգը, այսպես ասենք, որտեղ ներառված եմ ԽՍՀՄ կրթության լավագույն տարրեր, նույնիսկ դասագրքեր են թարգմանվել, և ես կողմ եմ, որ էս ռացիոնալացումը լինի»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG