Մատչելիության հղումներ

Ամերիկան աշխարհին կնվիրի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 25 միլիոն դեղաչափ


COVAX միջազգային ծրագրով Գանա է ուղարկվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը, Աքրա:

Տեսանելի ապագայում այդ թիվը կհասնի 80 միլիոնին:

Աշխարհում կորոնավիրուսի ախտահարումների թիվը մոտենում է 173 միլիոնին, COVID-19 հիվանդությունից մահացել է շուրջ 3 միլիոն 718 հազար հիվանդ:

Համավարակը զսպելու լավագույն միջոցն աշխարհի բնակչության պատվաստումն է: Հարուստ երկրներում այն արդեն ակտիվ ընթացքի մեջ է, ինչի արդյունքում վարակման և մահացության վիճակագրությունն էապես նվազել է: Բայց թերզարգացած երկրներն անմխիթար վիճակում են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մոլորակի առաջատար պետություններին կոչ է անում անհապաղ ձեռնարկել գործնական միջոցներ այդ անարդարությունը վերացնելու համար:

Միացյալ Նահանգներն արդեն արձագանքում է կոչին: Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ աշխարհն ունի ամերիկացիների օգնության կարիքը:

Երեկ Սպիտակ տունը հայտնել է, որ 25 միլիոն դեղաչափ է նվիրում աշխարհին, ընդ որում այդ թվից մոտ երեք-քառոդը՝ ավելի քան 18 միլիոն դեղաչափ, կփոխանցվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրին, որի խողովակներով 6 միլիոն դեղաչափ կստանան Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրները, 7 միլիոն կուղարկվի Ասիա և 5 միլիոն՝ Աֆրիկա:

Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի փոխանցմամբ, նպատակն է հնարավորինս արագ և մեծ թվով դեղաչափեր տրամադրել կարիքավոր երկրներին:

Մնացած 6 միլիոն դեղաչափերը հասցեական եղանակով կտրամադրվեն ԱՄՆ-ի դաշնակիցներին և գործընկերներին, որոնց թվում են նշվում Մեքսիկան, Կանադան, Հարավային Կորեան, Հորդանանի Արևմտյան ափի և Գազայի հատվածի պաղեստինցիները, Հնդկաստանը, Ուկրաինան, Հաիթին, Վրաստանը, Եգիպտոսը, Հորդանանը, Իրաքը, Եմենն, ինչպես նաև աշխարհի վտանգավոր շրջաններում աշխատող ՄԱԿ-ի ծառայողները:

Սալիվանն ընդգծել է, որ Ամերիկան վակցինան տալիս է ոչ թե այդ երկրների բնակիչների համակրանքը շահելու կամ հետագայում ինչ-ինչ դիրքորոշում ակնկակելու, այլ պարզապես մարդկանց օգնելու համար, «քանի որ դա արդար և ճիշտ քայլ է»:

Մինչդեռ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դեմոկրատները նախագահ Բայդենի վարչակազմին կոչ են անում անել ավելին:

«Մենք հորդորում ենք նախագահին անել լրացուցիչ քայլեր աշխարհի պատվաստումն առաջ տանելու համար, աշխարհը չի կարող սպասել, ծայրաստիճան հրատապ է, որ Ամերիկան գործի արագ և վճռական և կիրառի իր զինանոցում եղած բոլոր միջոցները», - ասվում է Բայդենին հասցեագրված դեմոկրատ կոնգրեսականների նամակում, որում նշվում է թիրախը՝ մոլորակին տրամադրել կորոնավիրուսի դեմ 80 միլիոն դեղաչափ և ստեղծել վակցինայի հարցով հատուկ համաշխարհային գագաթնաժողով:

Տասնյակ երկրներ խոստացել են ընդհանուր հաշվով մոտ 2 միլիարդ 400 միլիոն դոլար փոխանցել COVAX ծրագրին՝ զարգացման միջին և ցածր մակարդակ ունեցող երկրներին պատվաստանյութ ուղարկելու համար:

«Ապահովել ենք 2 միլիարդ 400 միլիոն դոլար և դրանով մեր միջոցները հասցրել ենք 9 միլիարդ 600 միլիոնի, այդ գումարով վակցինա ենք պատվիրելու և 775 միլիոն դոլար էլ վճարելու ենք մատակարարման համար: Ստացել ենք ևս 54 միլիոն դեղաչափ նվիրաբերելու խոստումներ, այսպիսով, արդեն հաստատված է ավելի քան 132 միլիոն դեղաչափ», - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ, վակցինաների և իմունիզացման գլոբալ ալյանսի (GAVI) նախագահ, պորտուգալացի Ժոզե Մանուել Բարոզուն:

Գումարը հավաքվել է Ճապոնիայի հովանավորությամբ հեռավար եղանակով տեղի ունեցած ժողովի ընթացքում, միջոցառման կազմակերպիչներից էր GAVI հապավումով հայտնի վակցինաների և իմունիզացման գլոբալ ալյանսը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ միասին համակարգում է COVAX-ի առաքելությունը:

«Փետրվարից սկսած 127 երկիր ենք ուղարկել 78 միլիոն դեղաչափ, բայց աշխարհում 1 միլիարդ 800 միլիոն արդեն ներարկված դեղաչափերից միայն 0,4 տոկոսն է բաժին հասել ցածր եկամուտներով երկրներին: Սա էթիկական, վարակաբանական և տնտեսական առումներով անընդունելի է», - ասել է ԱՀԿ ղեկավար Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG