Մատչելիության հղումներ

Էրդողանը՝ Բայդենին․ «Հայերի շահը պաշտպանելու փոխարեն այլ հարցեր չունե՞ք»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT (Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական մեդիահոլդինգ) հեռուստակայանի թղթակիցների հետ զրույցում, ի շարս այլ հարցերի, խոսել է նաև հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպման մասին:

Էրդողանը վերստին կշտամբել է Բայդենին այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և սպառնացել, թե «նա, ով կփորձի Թուրքիան անկյուն մղել՝ թանկ ընկերոջ կկորցնի»:

Էրդողանի խոսքով, թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այս աստիճանի անկում չեն գրանցել:

Նա ասել է, որ կարողացել է կապեր հաստատել ԱՄՆ-ի թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատական նախագահների, այդ թվում Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի հետ, և երբեք նման կարգի լարվածություն չի եղել:

Նա թվարկել է այն խոչընդոտները, որոնք ճգնաժամ են առաջացնում թուրք-ամերիկյան հարաբերություններում և ասել է, որ դրանք անպայման Բրյուսելում կներկայացնի Բայդենին:

«Ի՞նչն է լարվածություն ստեղծում՝ այսպես կոչված «Հայոց ցեղասպանությունը: Դուք ինչ է, հայերի շահերը սպասարկելուց բացի ուրիշ խնդիրներ չունե՞ք»,- ասել է Էրդողանը:

Նա նորից նշել է, որ Առաջին աշխարհամարտի իրադարձությունների հետազոտությունը պետք է վերապահվի մասնագետներին:

«Ես ասել եմ՝ եկեք դա թողնենք պատմաբաններին, իրավաբաններին, մարդաբաններին, և միայն այն բանից հետո, երբ նրանք կավարտեն աշխատանքը, հարցով կզբաղվենք մենք՝ քաղաքական գործիչներս», - ասել է Էրդողանը:

Թուրք-ամերիկյան կապերին ծանր հարված հասցնող հանգամանքների թվում է կրոնական առաջնորդ, ընդդիմադիր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի ԱՄՆ-ում ապաստանելը:

Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ Գյուլենն է 2016 թվականի ձախողված հեղաշրջման բուն կազմակերպիչը և պահանջում են արտահանձնել նրան:

Լարվածության մյուս գործոնը Սիրիայի քրդաբնակ շրջաններում Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներն են, որոնք, ըստ Անկարայի, ահաբեկչական են, քանի որ կապեր ունեն Քրդստանի բանվորական կուսակցության հետ:

«Եթե դաշնակից ենք, ուրեմն դուք պետք է մեզ սատարեք, չէ՞, բայց, ավաղ, ամերիկացիներն ահաբեկիչների կողմն են ընտրել», - ասել է Էրդողանը:

Լուրջ բարդությունների թվում է S-400 ռուսական արտադրության զենիթահրթիռային համալիրների գործարքը:

Ամերիկան և ՆԱՏՕ-ի այլ անդամները մշտապես ընդգծում են, որ S-400-ներն համատեղելի չեն Հյուսիսատլանտյան դաշինքի զինատեսակների հետ և չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգում: Թուրքիան մերժել է այդ գործարքից հետ կանգնելու Վաշինտոնի պահանջը, ինչին ի պատասխան ամերիկացիները մի շարք պատժամիջոցներ են սահմանել:

Սպիտակ տունն ասել է, որ ռուսական հրթիռները սպառնալիք են Lockheed Martin ընկերության F-35 մարտական ինքնաթիռների համար և արգելել է դրանց արտադրությունը Թուրքիայում, ինչը ոչ միայն ռազմական, այլև տնտեսական տեսակետից է հարված հասցրել Անկարային:

Թուրքերը «խիստ անարդար» են որակել այդ որոշումը, սակայն պնդել են, որ ռուսների հետ գործարքից չեն հրաժարվի: TRT-ի հետ զրույցում Էրդողանը վկայակոչել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, ով ասել է, որ «ՆԱՏՕ-ն միայն Թուրքիայի հետ հզոր է, իսկ առանց Թուրքիայի՝ այդքան հզոր չէ»:

«Թուրքիան հզորությամբ ՆԱՏՕ-ի առաջին հնգյակում է, ո՞վ կարող է դա կասկածի տակ առնել: Թուրքիան հզոր է օդում, գետնի վրա և ծովում: Մենք հավասար հարաբերություններ ենք պահանջում, և չարակամները պետք է դրա հետ հաշտվեն», - ասել է Էրդողանը:

TRT-ին տված հարցազրույցում Էրդողանը հավաստիացրել է, որ Բրյուսելում կայանալիք հանդիպման ընթացքում կանի իր կողմից հնարավորը թուրք-ամերիկյան ճգնաժամը մեղմելու համար։ Նաև ասել է, թե ցանկանում է, որ թուրք-ամերիկյան առևտրի ծավալը հասնի տարեկան 100 միլիարդ դոլարի: Էրդողանն ամերիկացիներին կոչ է արել առավել կառուցողական լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG