Մատչելիության հղումներ

Վահան Բադասյանը հավանական չի համարում ադրբեջանցիների համար դեպի Շուշի ճանապարհ բացելու վարկածը


Արցախի իրավապահները քննում են 44-օրյա պատերազմից հետո շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցիների համար անտառներում ճանապարհ է բացվել՝ դեպի Շուշի առաջխաղացմանը նպաստելու համար, ինչպես նաև սահմանների պաշտպանությունն իրականացնող հայ զինծառայողներին մարտական դիրքերը լքելու հրամաններ են տրվել։ Այս լուրերի հիման վրա Արցախի դատախազությունում դեռ փետրվարին քրեական գործ է հարուցվել՝ պետական դավաճանության հոդվածով։

Նախաքննության կատարման համար գործն ուղարկվել է Արցախի քննչական կոմիտե, մեզ հետ զրույցում այսօր ասաց Արցախի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը. «Քննչական կոմիտեում կատարվել են բազմաթիվ հարցումներ, անվանական ճշտվում են այն բոլոր անձինք, ովքեր ներգրավված են եղել մարտական գործողությունների այդ հատվածում, առնվազն ողջ կրտսեր և բարձրագույն հրամանատարական կազմը հարցաքննվելու է մեր և Ադրբեջանի զինված ուժերի տեղաշարժի առնչությամբ։ Մանրակրկիտ պարզվում են և պարզվելու են այն ճանապարհները, որտեղով կատարվել է հակառակորդի տեղաշարժը»:

Ինչպե՞ս ադրբեջանցիները կարողացան անտառային ու լեռնային դժվարամատչելի տեղանքը հաղթահարելով հասնել Շուշի, այս հարցին ի պատասխան` շրջանառվում է վարկած, որ Հադրութի շրջանի անտառային տեղանքում ճանապարհ է գործել, որը սպասարկել է փայտամշակմամբ զբաղվող գործարանի բեռնատարներին, և հենց այս ճանապարհն էլ հնարավոր է դարձրել ադրբեջանցիների առաջխաղացումը Հադրութից Շուշի։ Այս վարկածին օրեր առաջ անդրադարձել է նաև Արցախի Հանրային հեռուստաընկերությունը, որում մի շարք զինվորականներ և պաշտոնատար անձինք հերքում են այն. «Թուրքը օգտվել է Մեծ թաղեր-Ավետարանոց- Սղնախ ճանապարհով` Տումի գյուղից այ սենց բարձրանում են մեր հիմնական անտառների ճանապարհները, գալիս այ էս հատվածները, գործարանի համար ստեղից էին փետ բերում, որը ընդհանրապես կապ չունի այս ճանապարհի հետ, այս արանքն ահագին ձորեր ա, գետեր ա, սարեր ա, ստեղով ոչ մի անգամ չես կարա ճանապարհ սարքես, գնաս, հատվես այս ճանապարհին»։

44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը հավանական չի համարում ադրբեջանցիների համար ճանապարհի բացումը, բայց չի բացառում, որ նրանք օգտվել են արդեն եղած ճանապարհից. «Թուրքն այդ ճանապարհի կարիքը չուներ, թուրքը որովհետև պլանշետներով, ժամանակակից իրավիճակային գնահատման սպառազինությամբ նաև հարձակվել է, պետք չուներ այդ ճանապարհների: Նախկին հանցագործները` անտառահատները պարզապես ճանապարհը բացել էին անտառը հատելու համար, որովհետև իրենց զորքը գալիս էր, դրուժբիստները գալիս էին, ծառերը հատում էին, հետևից արագ-արագ կերպով էքսկավատորները բուլդուզերով ճանապարհ էին հարթում, անձրև էլ չկար այդ ժամանակ, ճանապարհը հարթում էին, ու գրունտավոյ ճանապարհով իրենք գալիս էին: Տեսան, որ դրուժբիստները չեն հասցնի, ժամանակ է խլում, իրենք արդեն վառեցին ֆոսֆորով անտառները, որպեսզի մի աշխատանքն արանքից դուրս գա»:

Ինչ վերաբերում է զինվորականներին նահանջի հրաման տալով ադրբեջանցիների առաջխաղացմանը նպաստելու վարկածին, Վահան Բադասյանը բարձրագույն զինվորականության կողմից դավաճանությանը չի հավատում. «Անուններ շոշափվում են էլի, որ նրանք նման հրամաններ են տվել, չգիտես` ինչեր են արել, բայց ես իրականության մեջ չեմ հավատում դրան, չնայած ես արդեն վիրավորված եմ եղել, բայց իրականության մեջ չեմ հավատում, որովհետև նրանք կարող է տնտեսական հանցագործներ լինեն, կարող է, չգիտեմ, օլիգարխիայի աջակիցներ լինեն, շատ բաներ, բայց նրանք դավաճան չեն»։

Իրավապահներն այժմ նախաքննություն են իրականացնում, այդ թվում՝ հարցաքննություններ, թե ովքեր են արդեն կանչվել քննչական մարմին, դեռևս չի հաղորդվում։ Դատախազությունից միայն հաղորդում են, որ այս պահին քրական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG