Մատչելիության հղումներ

Միշելը զանգահարել է, Մակրոնը՝ նամակ հղել Ալիևին


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Փարիզ, 20-ը հուլիսի, 2018թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Փարիզում և Բրյուսելում բանակցելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, առաջինը նամակ է հղել, երկրորդը՝ հեռախոսազրույց ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Միշելը երեկ է զանգահարել Ալիևին։ Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերը։ Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը։ Շառլ Միշելը կողմերին կոչ է արել լիարժեք թափանցիկության պայմաններում համագործակցել պահվող անձանց խնդիրների հետ կապված, ականազերծման և մարդասիրական այլ հարցերով; Նա կողմերին կառուցողական բանակցությունների կոչ է արել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, սակայն այդ կոչին Երևանը դեռևս չի արձագանքել։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Իլհամ Ալիևին շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կկատարի իր բոլոր պարտավորությունները Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։ «Լեռնային Ղարաբաղում մահաբեր ռազմական գործողությունները դադարեցրած 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից վեց ամիս անց անհրաժեշտ է շարունակել խորը աշխատանքը կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար։ Դա մասնավորապես նշանակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների խաղաղ դելիմիտացիայի իրականացում և ռազմագերների վերադարձ իրենց հարազատներին»,- նշել է Մակրոնը՝ նաև խորհուրդ տալով դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության կազմակերպումը տարածաշրջանի բոլոր ժառանգության պահպանման համար։

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Փարիզը պատրաստ է օգնել բարձր մակարդակի երկխոսության հաստատմանը։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հնարավոր է հասնել արդար, կայուն խաղաղության և ընդհանուր բարգավաճման։

XS
SM
MD
LG