Մատչելիության հղումներ

Ապօրինի ծառահատումների առնչությամբ 18 պաշտոնյայի մեղադրանքներ են առաջադրվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ապօրինի ծառահատումների առնչությամբ 2021-ի ընթացքում 18 պաշտոնյայի՝ անտառապետեր, անտառապահներ, ինժեներներ, առաջադրվել են մեղադրանքներ՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի [Պաշտոնեական անփութություն] 2-րդ մասի և 314-րդ հոդվածի [Պաշտոնեական կեղծիք] 1-ին մասի հատկանիշներով:

Ըստ Դատախազության՝ վերջիններս, պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների ու անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, իրենց ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք: Պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելով՝ նրանք պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, կազմել են ապօրինի ծառահատում չկատարվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ անտառխախտման արձանագրություններ:

Արդյունքում ընդհանուր առմամբ արձանագրվել է 943 ծառերի հատում, որի հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 31 մլն դրամի վնաս:

Դատախազությունը հայտնում է, որ նշված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում բնությանը պատճառված վնասը վերականգնելու, այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։

Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդություններ են ներկայացվել իրենց պաշտոնավարումը դեռևս շարունակող պաշտոնատար անձանց հետագա գործունեությունը կասեցնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG