Մատչելիության հղումներ

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն արդեն պարտադիր չէ


Հունիսի 1-ից արդեն բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, թեպետ մինչ այդ էլ քչերին կարելի էր տեսնել դիմակներով:

Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը դեռ կա, բայց կրողներն էլի շատ չեն: Միայն հուլիսի 1-ից և այն էլ միայն պատվաստված քաղաքացիների համար, այն կհանվի նաև փակ տարածքներում: Ընդ որում, պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է Armed E-Health համակարգում և ունի QR կոդ:

Ապրիլի 13-ից Հայաստանի բնակիչները հնարավորություն ստացան պատվաստվելու: Մոտ մեկուկես ամիս անց այդ հնարավորությունից օգտվել է 36 հազար 927 մարդ, կամ բնակչության 1, 27 տոկոսը: Դեռ վաղ է ասել, որ համավարակի 3-րդ ալիքը հաղթահարված է, ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը։

«Գրեթե ամեն շաբաթ ականատեսն ենք լինում շտամերի փոփոխության, իսկ եթե շտամը փոխվեց, իրավիճակը կարող է գլխիվայր փոխվել», - ասաց Բադալյանը։

Վերջերս Հայաստանում անցկաված հարցման համաձայն՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում ստանալ COVID-19-ի պատվաստանյութ: Հայաստանցիների 71 տոկոսը նշել է, որ պատվաստանյութը չի ընդունի, նույնիսկ եթե այն հեշտությամբ հասանելի լինի: Աշխարհի ավելի քան 100 երկրում արդեն ավելի քան 1 մլրդ մարդ պատվաստվել է, շատ երկրների համար էլ, սակայն, պատվաստանյութը շարունակում է անհասանելի մնալ։

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում պատվաստվել չեն շտապում, Արման Բադալյանը պատասխանեց․ - «Կա պատվաստանյութ, չէ որ դա սպասված էր, չէ որ ասում էինք՝ դա հիմնական գործիքն է վարակի կառավարման, բայց մենք սկսեցինք տարբերություններ դնել այդ ամենի միջև, միգուցե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, բայց պետք է այդ գաղափարը նման ձևով չտարածվեր, այդպես չսկսվեր, և նախորդ դառը փորձը կար պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի, էդ շլեյֆը շարունակվեց այստեղ էլ, ես կարծում եմ, ու բերց էս էֆեկտի։ Իրազեկման պրոցեսն անընդմեջ պրոցես է, որ պիտի արվի, երկրորդը՝ նաև ժամանակի հարց է, մարդիկ պատվաստվում են և տեսնում են, որ մեծ հաշվով խնդիրներ չկան, կամ եթե կան էլ, ընթացքը բարվոք է»։

Տարածվող հակաքարոզին հակակշռում է Հայաստանում գրանցված վիճակագրությունը․ պատվաստված քաղաքացիներից և ոչ մեկի մոտ հետպատվաստումային լուրջ բարդություններ չեն գրանցվել: Այդուհանդերձ զգուշանալ և տեղեկացված լինել պետք է:

«Որպես օրենք մենք առաջին երեք օրն ենք մնացած պատվաստանյութերի տեսանկյունից դիտարկում, նույն բրիտանաշվեդական AstraZeneca-ի տարբերակում մենք նշում ենք նաև 3-ից 20-րդ օրը նույնպես ուշադրություն դարձնել, եթե հանկարծ նման սիմպտոմատիկա լինի, դիմել՝ սուր ցավեր որովայնի շրջանում, կրծքավանդակի, գլխացավեր, նամանավանդ, եթե կապտուկներ առաջանան, որպեսզի տրոմբոզի հազվադեպ, բայց գրանցված դեպքերը շատ արագ փորձենք ախտորոշել և արագ կողնորոշվել, վարել», - ասաց ԵՊՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոսը։

Հայաստանում այժմ կիրառվում է երեք տեսակի պատվաստանյութ․ AstraZeneca-ով և Coronavak-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց համար:Հայաստանում քաղաքացիների շրջանում ակտիվացում նկատվել է, ասում է թիվ 8 պոլիկլինիկայի իմունոլոգ, վարակաբան Անահիտ Սարուխանյանը, բայց այդ ակտիվությունը որոշ չափով ապահովում են նաև օտարերկրացիները, այդ թվում՝ հնդիկ ուսանողները:

«Արդեն որևէ մեկի նկատմամբ նախընտրություն չեն կատարում քաղաքացիները, մինչ այսօր պատվաստվել են 350 հոգի AstraZeneca-ով, 200-ը՝ Sputnik V-ով, 50 հոգի էլ Coronavak-ով։ Բոլոր պատվաստումները ընթանում են նորմալ՝ առանց բարդությունների»,- ասաց Սարուխանյանը։

Կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել էր 2020-ի մարտի 1-ին։ 1 տարի 3 ամիս անց, պաշտոնական տվյալներով, կովիդով վարակվել է 222 հազար 870 մարդ, գրանցվել մահվան 4 հազար 446 դեպք:

XS
SM
MD
LG