Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքի հայկական տիրույթում ապատեղեկատվությունն արդեն ստուգվում ու պիտակավորվում է


Ֆեյսբուքի հայկական տիրույթում նախընտրական քարոզշարշավին ընդառաջ զանգվածորեն տարածվող ապատեղեկատվություններն արդեն ստուգվում ու պիտակավորվում են՝ հիմնականում «սխալ» կամ «մանիպուլյատիվ» նշումներով։ Ծրագիրն առայժմ ժամանակավոր է։ Ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով փաստեր ստուգող լրագրողների հայկական թիմը վրացի գործընկերների հետ միասին երկու ամիս խոշորացույցի տակ է պահելու նաև Ինստագրամը։

Media.am-ի փաստեր ստուգող լրագրող Կարինե Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Ինչ-որ մի էջ գրառում է արել, մյուս էջը կիսվել է էդ գրառումով, լրատվամիջոցը տարել իր մոտ դրել է, բերել Ֆեյսբուքում կիսվել է.... Մենք կարող ենք գրեթե բոլոր այդ գրառումների հետևից գնալ և համապատասխան նշում թողնել, որպեսզի նախ կանխենք հետագա տարածումը, որպեսզի հաջորդ անգամ որ օգտատերերը ուզենան դա տարածեն, տեսնեն, որ սա, այս տեղեկության հետ խնդիր կա»:

Զգուշացնող նշում միայն քաղաքական գործիչների գրառումների ու տարածած տեղեկությունների վրա չի հայտնվում՝ Ֆեյսբուքի պահանջն է։ «Քաղաքական խոսքի ազատությունը որևէ կերպ չի ուզում սահմանափակել», - պարզաբանեց Կարինե Ղազարյանը՝ հավելելով. - «Իհարկե, սա չի նշանակում, որ ինչ-որ մի մարդ կարող է ասել՝ «գիտե՞ք, ես այսօրվանից ինձ համարում եմ քաղաքական գործիչ և ես տարածելու եմ ապատեղեկատվություն, և դուք չեք կարող ինձ հետ ոչ մի բան անել, որովհետև ես քաղաքական գործիչ եմ»:

Նախընտրական, ընտրական ու հետընտրական շրջանում փաստերի ստուգման ծրագրի օգնությամբ Ֆեյսբուքի հայաստանյան հատվածում կնվազի ապատեղեկատվության տարածումը, կարծում է ծրագրին միացած Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

«Ապացուցված ապատեղեկատվությունը ավելի քիչ կհասնի ֆեյսբուքյան օգտատերերին, և էդ է մեխանիզմը: Էնպես չի, որ ամբողջ աշխարհում սոցիալական մեծ ցանցերի գործողություններից խմբագիրները, լրագրողները շատ գոհ են, միշտ ավելին ենք պահանջում մենք, միշտ ավելի շատ գործողություններ ենք պահանջում: Բայց էս պահին էդ էն է, ինչ սոցիալական ցանցը իր կողմից կարող է անել խաղի կանոնները կարգավորելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:

«Մի քանի սահմանափակում կա՝ առաջինը՝ էն, որ տարածումն է քչանում, և երկրորդը՝ որ կարող է արգելվել գովազդ դնել», - նշեց Կարինե Ղազարյանը:

Պիտակավորումից հետո սուտ կամ մանիպուլյատիվ տեղեկություն տարածողը հնարավորություն կունենա բողոքարկելու փաստեր ստուգողների, այսպես ասած, վճիռը, եթե կարծի՝ անարդար է այն։

«Էս բոլոր պիտակները ուղղակի մեր ցանկությամբ չեն դրվում՝ կան շատ հստակ սահմանումներ, թե որ նշումը որ տեսակի ապատեղեկատվության վրա ենք մենք դնում: Եվ նշումը դնելիս մենք էս սահմանումներով ենք առաջնորդվում, որը մշակել է Ֆեյսբուքը՝ միջազգային փաստեր ստուգող լրագրողների և կազմակերպությունների հետ միասին: Էս ամբողջ տեղեկությունը բաց է, այսինքն՝ ցանկացած էջի ադմին կամ սովորական օգտատեր կարող է ուղղակի բացել և կարդալ էս տեղեկությունը», - շարունակեց Կարինե Ղազարյանը:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարևորում է ծրագրի մեկնարկը, ասում է՝ հատկապես հիմա է ամենաշատ ապատեղեկատվությունը տարածվում:

Մեդիա փորձագետը հույս ունի՝ Ֆեյսուքը հետագայում էլ կշարունակի փաստերի ստուգման ծրագիրը. - «Հուսով եմ, որ էս առաջին փորձը կբերի նրան, որ ավելի երկարաժամկետ պրոցես կանցնի: Առավել ևս, որ նաև հաշվի առնենք, որ սա ոչ միայն Ֆեյսբուքին է վերաբերում, այլ նաև՝ Ինստագրամին, այսինքն՝ Ֆեյսբուքին պատկանող ցանցին: Նաև ենթադրում եմ, որ WhatsApp-ով՝ Հայաստանում դե դեռ տարածված չի, բայց շատ երկրներում WhatsApp-ն էլ է հանդիսանում ապատեղեկատվության տարածման աղբյուր»:

Փաստերի ստուգման ծրագիրը Ֆեյսբուքն իրականացնում է Փաստերի ստուգման միջազգային ցանցի անդամ կազմակերպությունների միջոցով։ Հայաստանյան կազմակերպությունները դեռ այդ ցանցի անդամ չեն, այդ է պատճառը, որ հայ մասնագետները փաստերի ստուգման համար վրացական «Փաստ-մետր» հարթակի հետ են գործակցում։










Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG