Մատչելիության հղումներ

Թաթոյանը Ալիևի հայատյաց ելույթների առնչությամբ դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների հետ կապված դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին օմբուդսմենը տեղեկացնում է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Ադրբեջանի նախագահը 2021 թվականի մայիսի 20-ին և 28-ին հանդես է եկել ելույթներով, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են: Ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով ուղարկել եմ ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Դրանք ուղարկվել են նաև ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների», - գրում է Թաթոյանը:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս մշտադիտարկման նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որն էլ հենց իրականում ընկած է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում` դաժանությունների հիմքում, վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը», - շեշտում է օմբուդսմենը:

Հիշեցնենք, մայիսի 28-ին ելույթ ունենալով Աղդամում՝ Իլհամ Ալիևը մասնավորապես հայտարարել էր. - «30 տարվա ընթացքում հայերին չհաջողվեց պետություն կառուցել: Ուրեմն, այդ ժողովուրդը չի կարող պետություն կառուցել: Ուրեմն, այդ ժողովուրդը կարող է ապրել միայն այլ խոշոր պետությունների կազմում: 30 տարվա ընթացքում նրանք բացառիկ հնարավորություն ունեին՝ եթե չլիներ այս օկուպացիան, թշնամանքը, եթե հայերը մեր ժողովրդի դեմ այս վայրագությունները գործած չլինեին, Հայաստանը, հնարավոր է, կարող էր ապրել որպես անկախ պետություն: Իսկ հիմա հայերը բացեիբաց ընդունում են, որ չեն կարող պաշտպանել իրենց պետությունն ու իրենց սահմանները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG