Մատչելիության հղումներ

Մերկ տղամարդու դեպքից հետո ոստիկանները պետք է հեռացվեին համակարգից. իրավապաշտպան


Իրավապաշտպան Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունց

Իրավապաշտպանները քննադատում են Արաբկիրի ոստիկանության բաժնում քաղաքացու արժանապատվությունը նվաստացնող դեպքը, հատկապես՝ որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող մերկ տղամարդը ունեցել է հոգեկան խնդիրներ։

Ոստիկանությունը, իր հերթին, պնդում է, որ պատասխանները պարզ կդառնան ծառայողական քննությունից հետո։

Տեսանյությում երևում է, թե ինչպես է մերկ տղամարդը ոստիկանության բաժնի միջանցքում տեղից տեղ գնում, ներկաներն էլ փորձում են կանխել նրա մուտքը սենյակներ ու ասում՝ «հերթապահին ասեք, թող գժի էկիպաժ կանչի»։

Իրավապահները հաշվի առնելով տղամարդու խոցելիությունը՝ առավել ուշադիր պետք է գտնվեին նրա նկատմամբ, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Ոստիկանները պետք է անհապաղ մասնագետ հրավիրեին, որ գնահատեր նրա հոգեկան վիճակը, և միջանցքում մերկ վիճակում աստիճաններով վերուվար անող տղամարդուն լսեին առանձնասենյակում, առանց որևէ տեսագրության։

Արաբկիրի բաժնի պետն ու դեպքի վայրում գտնվող աշխատակիցները անհապաղ պետք է հեռացվեն ծառայությունից, կարծում է Սաքունցը․ - «Ոստիկանության այդ բաժնում աշխատողները պարտավոր են անել այն բոլոր քայլերը, որպեսզի մարդը չգտնվի էդ վիճակում։ Ելնելով տեսանյութում պատկերված իրավիճակից, կարող եմ ենթադրել, որ անձը գտնվել է նաև ձեռնաշղթաներով, դա է՛լ ավելի նվաստացուցիչ վիճակ է հանդիսանում։ Մանավանդ որ ոստիկանության աշխատակիցներից որևէ մեկը պատշաճ գործողություններ նրա հետ չէր էլ ցանկանում անել․ նկատի ունեմ հոգեբան, հոգեբանական աշխատանք և այլն, և այլն»։

Ոստիկանությունն այսօր հայտարարեց, որ ծառայողական քննություն է նշանակված դեպքի հանգամանքները պարզելու համար։ Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պնդեց, թե խոշտանգման որևէ դեպք առկա չէ․ - «Դա տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին։ Եթե չեմ սխալվում, տվյալ անձը հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձ է եղել, և հենց այդ վիճակով էլ ինքը եկել էր ոստիկանության բաժին․․․ Եկել և փորձել էր ոստիկանության բաժնում որոշակի գործողություններ կատարել անհամաչափ և այլն, և այլն»։

Մինչդեռ իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը տարակուսում է․ եթե դեպքը տեղի է ունեցել անցած տարեվերջին, ինչո՞ւ է հիմա նշանակվել ծառայողական քննություն, այլ ոչ հենց սկզբից՝ պարզելու քաղաքացուն նկարահանելու առիթը։ Արդյո՞ք մերկ վիճակում զայրացած քաղաքացուն նկարահանելը արվել է կոնկրետ գործի համար, թե՞ պարզապես որևէ մեկը՝ կամ ոստիկանության ծառայող կամ էլ երրորդ անձ նկարել է նրան․ - «Եթե ոստիկանության աշխատակիցների կողմից արված տեսագրություն էր, նշանակում է իրենք այդ ինֆորմացիային տիրապետել են վաղուց, և ոչ է հիմա պետք է ծառայողական քննությունը արվեր, այլ այն ժամանակ։ Եթե դա արվել է երրորդ անձի կողմից, ավելի վատ։ Ուրեմն ոստիկանությունը պատշաճ հսկողություն չի արել իր ենթակայության տակ այդ պահին գտնվող անձի նկատմամբ։ Միայն ոստիկանությունը տանելու համար չի։ Եթե անձը հայտնվում է ոստիկանությունում, ապա նրա պահելը, պահպանելը, այդ ամեն ինչի պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը։ Հետո, միջանցքում էր այդ մարդը։ Ի՞նչ գործ ուներ այդ վիճակով միջանցքում, ինչո՞ւ առանձին սենյակում չէր»։

Ռևազյանը պնդում է, որ առողջական խնդիրներ ունեցող մերկ քաղաքացուն պետք է ծածկոց տրամադրեին, փորձեին օգնել նրան․ - «Բայց ոնց հասկանում եմ, տեսագրությունից էլ ա երևում ա, ասում են՝ դու մնա էդտեղ, մի արի․․․ ինչ-որ միջանցքներում, աստիճանավանդակի մոտ․․․ Դա աննորմալ երևույթ է, ճիշտ վերաբերմունք չի անձի նկատմամբ»։

Այս տեսագրությունից հետո մամուլը գրեց, որ դեպքը տեղի է ունեցել իշխող «Իմ քայլը» կուսակցության վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանի մորեղբոր՝ Արմեն Վաթյանի ղեկավարած ոստիկանության Արաբկիրի բաժնում։ Եվ որ հենց Վաթյանի հրահանգով են «խոշտանգել քաղաքացուն»։ Էդուարդ Աղաջանյանը շտապեց գրառում անել և ընդգծել՝ «Մեդիատեռորն իր «լավագույն» դրսևորմամբ։ Պարզվում է, որ խոշտանգող քեռի ունեմ ոստիկանությունում»։

Արթուր Սաքունցն այստեղ քաղաքական շահարկում է նկատում՝ հաշվի առնելով այն, որ տեսագրությունն արվել է ամիսներ առաջ, բայց հրապարակվում է հիմա՝ նախընտրական թոհուբոհի շրջանում․ - «Անընդունելի է, և դրա համար մենք որևէ կերպ չենք կարող տուրք տալ նման քաղաքական շահարկումներին։ Բայց պետության պատասխանատվությունը վատ վերաբերմունքի դեպքի առումով արձանագրում ենք։ Եվ ես գտնում եմ, որ պետք է անպայման ոստիկանության բաժնի պետը և այդ աշխատողները պատասխանատվություն կրեն։ Առավել խայտառակ է, երբ որ այդ դեպքից հետո նրանք շարունակել են պաշտոնավարել»։

Սաքունցը պնդում է՝ տարածողները դա չեն արել հանուն մարդու իրավունքների։ Նրանց շարժառիթը հենց քաղաքական է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG