Արդյոք ամերիկյան հատուկ ծառայությունները՝ դանիական հետախուզության օգնությամբ գաղտնալսե՞լ են եվրոպական մի շարք պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հեռախոսազրույցները։ Այս հարցը խիստ հրատապ դարձավ Դանիայի հանրային հեռուստաընկերությամբ կիրակի օրը հեռարձակված հետաքննական ռեպորտաժից հետո։
Դանիացի լրագրողները, ինը անանուն աղբյուրներ վկայակոչելով, պնդում էին, որ Միացյալ Նահանգների Ազգային Անվտանգության գործակալությունը՝ Դանիայի արտաքին հետախուզության ծառայության հետ միասին 2012-ից 2014 թվականներին ոչ միայն գաղտնալսել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Նորվեգիայի ղեկավարների հեռախոսազրույցները, այլև հետևել է բջջային հեռախոսներից վարվող նրանց ողջ նամակագրությանը։
Դանիական հեռուստատեսության պնդմամբ՝ գաղտնալսվածների թվում էին նաև Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը և 2013 թվականի ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Պեեր Շտայնբրյուկը։
«Դաշնային կառավարությունը ի գիտություն է ընդունել հրապարակված տեղեկությունները և այժմ հստակ բացատրություններ ստանալու նպատակով կապի մեջ է համապատասխան ազգային և միջազգային կառույցների հետ։ Սակայն դուք գիտեք, որ դաշնային կառավարությունը մի հստակ սկզբունք ունի՝ չմեկնաբանել այն թեմաները, որոնք ուղղակի առնչություն ունեն հետախուզական խնդիրներին։ Գերմանիայի կառավարությունը խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի անդամներին այս խնդրի շուրջ տեղեկատվություն կտրամադրի դռնփակ հանդիպման ընթացքում», - նախօրեին Բեռլինում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆեն Զայբերտը։
Եթե Գերմանիայի իշխանությունները գերադասում են առայժմ զերծ մնալ կտրուկ հայտարարություններից, ապա Փարիզից հնչող պաշտոնական գնահատականները անհամեմատ ավելի կոշտ են։ Դանիական հեռուստատեսության բացահայտումների հաջորդ օրն արդեն խնդրին անդրադարձավ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
«Միանշանակ է, որ դաշնակիցների շրջանում միմյանց լրտեսելն անթույլատրելի է, առավել ևս դաշնակիցների և եվրոպացի գործընկերների միջև։ Ես կարևորում եմ վստահության վրա հիմնված այն հարաբերությունները, որոնք միավորում են եվրոպացիներին և ամերիկացիներին, և մենք պետք է անենք ամեն ինչ՝ մեր ընդհանուր անվտանգությունն ապահովելու համար։ Մեր միջև փոխադարձ կասկածների տեղ չպետք է լինի», - հայտարարել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Փարիզն արդեն դիմել է Վաշինգտոնին և Կոպենհագենին՝ սպառիչ բացատրություններ պահանջելով։
«Մենք խնդրել ենք մեր դանիացի և ամերիկացի գործընկերներին, որպեսզի նրանք մեզ այդ բացահայտումների և անցյալի իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեն։ Մենք առայժմ պատասխանների ենք սպասում։ Այս ամենին առնչություն ունեցող պաշտոնյաները տեղեկատվության փոխանակում կիրականացնեն, ինչի շնորհիվ նախ լույս կսփռվի անցյալի իրադարձությունների վրա, և ինչը թերևս ամենակարևորն է՝ պարզ կլինի, թե ինչ պրակտիկա է կիրառվում այժմ», - նշել է Ֆրանսիայի նախագահը՝ չթաքցնելով իր կասկածները, թե օտարերկրյա առաջնորդների գաղտնալսումները կարող են շարունակվել նաև այսօր։
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից այլ պետությունների ղեկավարների գաղտնալսումների մասին առաջին անգամ 2013 թվականին խոսեց այդ կառույցի նախկին աշխատակից, այժմ Ռուսաստանում ապաստան ստացած Էդվարդ Սնոուդենը։ Նրա բացահայտումներում, ի դեպ, արդեն իսկ նշվում էր, որ ամերիկյան գաղտնալսումների կարևորագույն թիրախներից մեկը Անգելա Մերկելն է։ Դեռ 2013-ին, Սնոուդենի կողմից գաղտնազերծված փաստերի հրապարակումից հետո Անգելա Մերկելը հայտարարում էր, որ այդ խնդիրը քննարկել է ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի հետ՝ հստակ հայտարարելով, որ բարեկամների դեմ լրտեսությունն անընդունելի է։
Դանիական հեռուստատեսությանը հաջողվել է պարզել, որ Սնոուդենի բացահայտումներից հետո Դանիայի ռազմական հետախուզությունը սկսել է հետաքննել նրա պնդումները՝ այդ գործողություններին դանիական հատուկ ծառայությունների մասնակցության մասին մի շարք վկայություններ հայտնաբերելով։ Ուշագրավ է, սակայն, որ ոչ Դանիայի հատուկ ծառայությունները և ոչ էլ ամերիկյան հետախուզությունը առայժմ չեն շտապում հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։