Մատչելիության հղումներ

Հունաստանը և Թուրքիան մտադիր են կարգավորել տարաձայնությունները


Հունաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Նիկոս Դենդիասը և Մևլութ Չավուշօղլուն, արխիվ, Անկարա, 15 ապրիլի, 2021թ.

Հունաստանը և Թուրքիան հայտարարել են, որ ջանքեր կգործադրեն երկու պետությունների հարաբերությունները բարելավելու համար:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այսօր Աթենք կատարած այցից հետո կողմերը հայտնել են, որ պայմանավորվել են հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

«Մենք բոլորս գիտակցում ենք, որ մի շարք հարցերում ունենք լուրջ տարաձայնություններ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բացահայտ իրարամերժ դիրքորոշումներ, այսօր մենք փորձել ենք սկսել երկխոսություն, ինչը գուցե թույլ կտա ապագայում աստիճանաբար բարելավել հարաբերությունները», - հայտարարել է Հունաստանի արտգործնախարարը:

«Ես կարող եմ ասել, որ Թուրքիան ունի այդ ամենի համար քաղաքական կամք և շատ ուրախ եմ, որ նման կամք եմ տեսնում նաև Հունաստանի մոտ, եթե այսպես շարունակենք՝ մենք կկարողանանք արագ քայլեր անել և առաջ ընթանալ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություններն ունեն տարածքային հին վեճեր Միջերկրականի շրջանում: Բացի այդ, կողմերի միջև չկա համաձայնություն Կիպրոսի կարգավիճակի շուրջ:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի շրջանակներում կարող են հանդիպել Միցոտակիսը և Էրդողանը, պետք է գումարվի հունիսի 14-ին Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG