Իրանում առաջիկայում բնակիչներին կառաջարկեն կորոնավիրուսի դեմ իրանական արտադրության վակցինա, որի անունն է «Իրան Բարաքյաթ»: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին:
«Հաջորդ շաբաթվանից «Իրան Բարաքյաթ» պատվաստանյութը կտրամադրվի ռիսկային խմբում գտնվող 60 տարեկանից բարձր մարդկանց, ովքեր ունեն ծանր ընթացքով, այդ թվում՝ օնկոլոգիական հիվանդություններ», - ասել է նախարարը:
Իրանում գարնան սկզբից մեկնարկել է կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքը: Ապրիլին հաղորդվել է օրական ավելի քան 20 հազար նոր ախտահարումների մասին: Ամենաբարձր թիվը՝ 25 հազար 582 վարակում, գրանցվել է ապրիլի 14-ին, ինչից հետո օրական ախտահարումների թիվը սկսել է նվազել:
Մայիսի 31-ի դրությամբ Իրանում ընդհանուր հաշվով վարակվել է ավելի քան 2 միլիոն 913 հազար մարդ, մահացել է ավելի քան 80 հազար 150 հիվանդ: