Մատչելիության հղումներ

Ամերիկյան հետախուզությունը տարիներ առաջ լրտեսել է Եվրոպայի լիդերներին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ամերիկյան հետախուզական կառույցները՝ Դանիայի ռազմական հետախուզության աջակցությամբ, 2012-14 թվականներին լրտեսել են Եվրոպայի մի շարք բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Այդ հանգամանքն ի հայտ է եկել Դանիայի հետախուզական ծառայության համակարգում 2015 թվականին անցկացված ներքին հետաքննության ընթացքում, ինչի մասին հայտնել է երկրի հանրային ռադիոն:

Ռադիոյի հաղորդման համաձայն, ամերիկյան հետախուզական ծառայությունը Դանիայի գործընկերների շնորհիվ ստացել է կարևոր տեղեկություններ Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պետական գործիչների մասին:

Լրտեսվել են, մասնավորապես, Գերմանիայի կանցլերը և նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով 2017 թվականից նախագահի պաշտոնն է զբաղեցնում:

Դանիայի ռադիոյի փոխանցմամբ, 2019-ին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Տրինե Բրամսենը 2020-ի օգոստոսին տեղեկացվել է այդ լրտեսական ակտիվության մասին:

Բեռլինը հայտնել է, որ «վերլուծում է հաղորդագրությունները և խնդիրը քննարկում է գերմանական ու միջազգային պատկան մարմինների հետ»:

Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստը դանիացիներից ամբողջական տեղեկատվություն է պահանջել:

«Մենք ուզում ենք, որ քարտերը դրվեն սեղանին, անընդունելի է, երբ դաշնակիցները գաղտնալսում են դաշնակիցներին», - հայտարարել է Հուլտկվիստը:

Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակկե-Յենսենը հայտարարել է, որ «Օսլոն մեծագույն լրջությամբ է վերաբերվում այդ մտահոգիչ տեղեկատվությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG