Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարին Աթենքում ընդունել են Հունաստանի ղեկավարները


Հունաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Նիկոս Դենդիասը և Մևլութ Չավուշօղլուն, Անկարա, արխիվ, 15 ապրիլի, 2021թ.
Հունաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Նիկոս Դենդիասը և Մևլութ Չավուշօղլուն, Անկարա, արխիվ, 15 ապրիլի, 2021թ.

Այսօր Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Թուրք նախարարի հետ մինչ այդ զրուցել է Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը:

Կողմերը քննարկում են հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը:

Երեկ Չավուշօղլուն Օսմանյան կայսրության երբեմնի մաս կազմող Կոմոտինի հունական ավանում տեղի թուրք մահմեդական ղեկավարների հետ հանդիպման ընթացքում խոստացել է Աթենքում արծարծել հունաբնակ թուրքերի իրավունքների հարցը:

«Վաղը պաշտոնական հանդիպումներ ունենք Հունաստանի վարչապետի և արտգործնախարարի հետ, մենք, իհարկե, կխոսենք Արևմտյան Թրակիայում թուրքերի իրավունքների մասին, մենք ուզում ենք, որ նրանք ունենան այն իրավունքները, որոնք մենք շնորհում ենք հույն ուղղափառ եկեղեցուն և հույների փոքրամասնությանը»,- ասել է Չավուշօղլուն:

Նրա այդ հայտարարությունը Հունաստանում մեծ վրդովմունք է առաջացրել: Աթենքում վստահեցրել են, որ անպայման կոշտ կարձագանքեն Չավուշօղլուին:

Ապրիլին Անկարայում թուրք և հույն արտգործնախարարների միջև մամլո ասուլիսում սուր վիճաբանություն է տեղի ունեցել:

Թուրքիան պնդում է, որ Հունաստանում կա շուրջ 120 հազար թուրք մահմեդական, հույների փոխանցմամբ, այդ մարդիկ ոչ թե թուրքեր են, այլ հույն-մահմեդականներ:

Երկու երկրները ՆԱՏՕ-ի անդամներ են, սակայն ունեն լուրջ տարաձայնություններ մի միջազգային մի շարք հարցերում և հատկապես Կիպրոսի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG