Մատչելիության հղումներ

Հարությունյանը և Շոյգուն քննարկել են մոսկովյան հանդիպման պայմանավորվածությունների կատարման ճանապարհները


Այսօր կայացել է Հայաստանի պաշտպանության նախարարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման շուրջ նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհները, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ Զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների հիմնական ուղղություններին, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին և դրանց դիմակայելու միասնական գործողություններին վերաբերող մի շարք հարցերի, ասված է հաղորդագրությունում:

Մայիսի 12-ից իրավիճակը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարված է, անցած շաբաթներին տեղի ունեցած բախումներում մեկ հայ զինծառայող զոհվել է, 6-ը՝ գերեվարվել։ Ուրբաթ օրը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները «դիտարկել են իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները և պայմանավորվածություն ձեռք բերել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ»։

XS
SM
MD
LG