Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հանրապետության օրը


Սարդարապատի հուշահամալիր

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձն է:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը։

«Մեր սուվերենությունն ու անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում մասնավորապես ընդգծել է՝ այս տոնն անկախության և ազատության համար մարտնչելու հայ ժողովրդի աննկուն կամքի խորհրդանիշն է։

«Այն մարմնավորում է անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի դարավոր ձգտումը», - ասել է Փաշինյանը՝ շեշտելով՝ դժվար պահերին հայ ժողովուրդը մշտապես կարողացել է համախմբվել, լինել մի բռունցք, բոլոր ուժերն ուղղել հանուն պաշտպանության, հանուն ինքնիշխանության և պետականության:

«Համոզված եմ, այսօր էլ պետք է գործենք նույն ոգով, Երևանից մինչև սահմանապահ գյուղեր լինենք որպես մեկ ընտանիք՝ ի շահ մեր սիրելի Հայրենիքի անվտանգության ապահովման: Մենք մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք և կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում և թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին: Մեր սուվերենությունն ու անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող: Եվ ինչպես Արամ Մանուկյանն էր 1918-ի հուսահատության օրերին ասում՝ «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն այսօրվա մեր առաջնային խնդիրն է, որից հետո, անկասկած, հայ ժողովուրդը քայլելու է մեր երազանքների Հայաստանի կերտման ճանապարհով: Ուստի միասին դեպի գործ և աշխատանք», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։

«Հայրենիքը կլինի այնպիսին, ինչպիսին այն կդարձնենք միասին»

Առաջին հանրապետությունը նշանակալից իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում՝ անկախ պետականության վերականգնում ինքնիշխանության համար երկարամյա պայքարից հետո, իր ուղերձում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով՝ «այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ միասնական ենք, կարողանո՛ւմ ենք հաղթել»:

Ընդգծելով, որ Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց այնպիսի պայմաններում, երբ վտանգված էին ժողովրդի ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը, վտանգ, որ կանխվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, միասնության ու անձնազոհության շնորհիվ, նախագահը շեշտել է՝ «այսօր մենք կանգնած ենք բարոյականության ու արժանապատվության Սարդարապատի շեմին, ճակատամարտ, որի միայն հաղթակա՛ն արդյունքը կարող է երաշխավորել ամուր պետականություն և զարգացման հեռանկար»:

Ըստ նախագահի՝ այսօր կարիք կա սթափ դատողության ու առողջ մտածողության, կարիք կա պատմության դասը սերտելով՝ նորովի գիտակցելու, որ Հայրենիքը որպես իրականություն կարող է ապրել միայն անկախ պետականության տեսքով, որ անկախ պետականությունը ձեռք է բերվում և պաշտպանվում դժվարությամբ, որ շատ ժողովուրդներ այսօր էլ երազում են դրա մասին։

«Անկախ պետականությունը մեր սահմանների անձեռնմխելիությունն է ու անսակարկելիությունը, որոշում կայացնելու և այն իրագործելու մեր կարողությունը, անվտանգություն ապահովելու և խաղաղություն թելադրելու մեր ունակությունը», - նշել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով․ - «Մենք պետք է կարողանանք ոչ միայն հաղթել, այլև խորությամբ հասկանալ, թե ինչպես վարվել այդ հաղթանակի հետ: Պետք է կարողանանք հաղթանակը լցնել մնայուն բովանդակությամբ ու վերածել հաջողությունների: Պետք է կարողանանք խորությամբ հասկանալ և ընկալել՝ ինչ է տեղի ունեցել երեկ, ինչ է տեղի ունենում այսօր և արձագանքել ու գործել համարժեք: Պետք է կարողանանք կանխատեսել և կառավարել այն, ինչ կարող է լինել վաղը: Պետք է կարողանանք սթափ վերլուծել մեր անհաջողությունների պատճառները, այդ թվում՝ Առաջին հանրապետությունից ցայսօր, և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր»:

Թե ինչպիսին կլինեն Հայաստանն ու Արցախը, «կախված է մեզնից, յուրաքանչյուրիցս», ասել է նախագահը՝ եզրափակելով՝ «Հայրենիքը կլինի այնպիսին, ինչպիսին այն կդարձնենք միասին»:

«Հավատում ենք, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից»

Առաջին Հանրապետությունը, թեև երկար չգոյատևեց, սակայն եղավ անկախ պետականության տեսանելի առհավատչյան, որի ներշնչումով կերտվեցին վերազարթոնքի հետագա հաղթանակները, իր ուղերձում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդ՝ շեշտելով՝ հավատում է, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից և համընդհանուր ջանքերով ձեռնամուխ լինելու հայրենիքի զորացմանը, պետականության ամրապնդմանը, հայոց լուսավոր գալիքի կերտման։

«Թող Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին և Իր անբավ շնորհների ներքո զորություն տա իրագործելու մեր համազգային նպատակները, ապահով ու բարօր կյանքի մեր ձգտումները», - ասված է կաթողիկոսի ուղերձում։

XS
SM
MD
LG