Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզում շուրջ 3,5 հեկտար հողակտորներ անհատույց օգտագործման են տրամադրվում ռուս սահմանապահներին


Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի շարքում մի որոշում է ընդունել, որի համաձայն Սյունիքի մարզի որոշ համայնքների մի շարք գյուղերի շուրջ 3,5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր անհատույց օգտագործման իրավունքով հատկացվելու է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Կառավարության հիմնավորմամբ, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է ամրացնել Հայաստանի հարավ-արևելյան սահմանները, ինչի համար էլ անհրաժեշտ հողամասեր են առանձնացվել։

Նոյեմբերի 9-ից հետո հայ-ադրբեջանական սահմանին հսկողություն են իրականացնում նաև ռուս սահմանապահները։

Ըստ կառավարության որոշման, ռուս սահմանապահների օգտագործմանն են անցնում Կապան համայնքի Շիկահող գյուղից, Մեղրիի Շվինաձոր, Կարճևան, Նռնաձոր գյուղերից ու Տեղ համայնքից 7 միավոր հողակտոր։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը դժվարանում է ասել, թե կառավարության այս որոշումը կոնկրետ ինչ է նշանակում։ Բադալյանը հիշեցնում է, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարածաշրջանի տրանսպորտային կապերի վերաբացման վերաբերյալ 9-րդ կետի, տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

«Մենք ունենք նաև այլ իրողություն, որ Սյունիքում սահմանների անվտանգային բարձր աստիճան ապահովելու համար հայ-ռուսական անվտանգային քննարկումների արդյունքում սահմանապահ նոր ուղեկալներ են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին։ Ըստ այդմ, միանգամայն հնարավոր է, որ կառավարության որոշումը վերաբերում է հենց այդ ուղեկալների գործունեությունը ամբողջացնելուն, կամ այդ ուղղությամբ գործունեության նոր մեխանիզմներ ձևավորելուն՝ հաշվի առնելով նաև այն իրողությունները և այն մարտահրավերները, որ կան այսօր հայ-ադրբեջանական սահմանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։

Նա չի բացառում, որ այս որոշումը եռակողմ հայտարարության 9-րդ կետի համատեքստում պետք է դիտարկել։ Նրա կարծիքով, բարդ է ասել, թե որ հանգամանքին է վերաբերում այս որոշումը․ - «Մենք ունենք հետևյալ պատկերը, որ հաղորդակցության բացման ուղղությամբ ներկայումս ընդամենը սկսված է գերատեսչական քննարկումների ինչ-որ գործընթաց։ Եվ մենք չունենք տեսանելի որևէ հեռանկար հաղորդուղիների բացման ուղղությամբ։ Այսինքն՝ էստեղ որևէ առարկայական շարժ չկա, որ մտածենք, թե հիմա քայլեր են ձեռնարկվում էդ սահմանապահ վերահսկողությունը իրականացնելու ուղղությամբ։ Բայց ընդհանուր առմամբ, քանի որ կա նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հետևաբար ոչինչ պետք չէ բացառել։ Բայց կրկնեմ՝ հավանականության մասին խոսելու հիմքեր մենք այսօր չունենք»։

Ըստ կառավարության որոշման, այս հողամասերը երկամսյա ժամկետում ռուս սահմանապահներին է փոխանցելու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Ազատության» հարցին ի պատասխան նախարարությունից հայտնեցին, որ կառավարության պաշտոնական հիմնավորմանն ավելացնելու բան չունեն։

Ռուս սահմանապահները Սյունիքի մարզում են նախորդ տարվա դեկտեմբեր ամսից։ Մայիսի սկզբին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել, ինչը, ըստ նրա, լրացուցիչ երաշխիք է Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար։

Նիկոլ Փաշինյանի հենց այս հայտարարությունից օրեր անց հայ-ադրբեջանակն սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց։

«Ազատությունը» փորձեց զրուցել այն համայքապետերի հետ, որոնց ղեկավարած գյուղերից հողամասեր ռուս սահմանապահներին են տրամադրվելու։ Հայաստանի ամենահարավային բնակայրերից մեկի՝ Նռնաձորի գյուղապետ Ալիկ Բոյաջյանն ասաց, որ տեղյակ չէ, այս հարցը իրենց հետ չի քննարկվել։

Նռնաձորը Մեղրի խոշորացած համայնքի մաս է կազմում։ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը մեր հեռախոսազանգերին չպատասպանեց, ընդունարանից ասացին, որ խոսել չի ցանկանում։

XS
SM
MD
LG