Զինեդին Զիդանը լքում է «Ռեալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Ըստ պայմանագրի նա պետք է պաշտոնավարեր մինչև 2022 թվականը։
Իսպանական մամուլի համաձայն՝ Զիդանին կարող է փոխարինել «Յուվենտուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին, պաշտոնապես, սակայն, այդ լուրը դեռևս չի հաստատվել։
2020-2021 թվականներին Զիդանի ղեկավարությամբ Մադրիդի «Ռեալ»-ը երկրորդ տեղն է զբաղեցրել Իսպանիայի առաջնությունում՝ զիջելով «Ատլետիկո»-ին։ Անցած տարվա գարնանը մի շարք լրատվամիջոցներ գրում էին ակումբի ղեկավարության քննարկումների մասին, որոնք դիտարկում էին ֆրանսիացի մարզչի հետ պայմանագիրը խզելու հարցը, եթե «Ռեալ»-ը մրցաշրջանն առանց հաղթանակների ավարտի։
48-ամյա Զիդանը «Ռեալ»-ն առաջին անգամ գլխավորել է 2016 թվականին՝ 2 տարի ժամկետով, ապա վերադարձել 2019 թվականին։ Նրա ղեկավարությամբ երեք անգամ անընդմեջ թիմը հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկուական անգամ նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և հաղթել է ակումբների աշխարհի առաջնությունում։
2017 թվականին ՖԻՖԱ-ն Զիդանին ճանաչել է լավագույն մարզիչ։