«Միացյալ Նահանգները կընդլայնի Պաղեստինին ցուցաբերվող ուղղակի ֆինանսական օժանդակության ծավալները՝ մարդասիրական օգնություն տրամադրելով նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած Գազայի հատվածին»։ Այս մասին անցած գիշեր իր տարածաշրջանային այցի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ Ռամալահում կայացած հանդիպման ժամանակ։
«Ես տեղեկացրել եմ նախագահ Աբբասին, ավելի վաղ նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուին այն մասին, որ մենք ԱՄՆ Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել ենք Պաղեստինին ցուցաբերվող օգնությունն ընդլայնելու մեր ցանկության մասին։ 2021 թվականին Վաշինգտոնը Պաղեստինին 75 միլիոն դոլարի հավելյալ ֆինանսական օժանդակություն կցուցաբերի, որից 5 ու կես միլիոնը՝ Գազային ցուցաբերվող անհապաղ մարդասիրական օգնության շրջանակներում։ Եվս 32 միլիոն դոլար կտրամադրվի Պաղեստինի համար նախատեսված օգնությունը համակարգող ՄԱԿ-ի գործակալությանը», - հայտարարել է Բլինքենը։