Մատչելիության հղումներ

Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը


Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարաներ Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը երեքշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող կացությունը ինչպես նաև իրավիճակը այն շրջաններում, որտեղ իրենց առջև դրած խնդիրներն են կատարում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահները», - նշված է Ռուսաստանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նաև նշում է, որ Շոյգուն և Հարությունյանը քննարկել են «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ ևս»։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

XS
SM
MD
LG