Մատչելիության հղումներ

Շուրջ 20 օրվա դադարից հետո որոնողական աշխատանքները վերսկսվել են


Շուրջ 20 օրվա դադարից հետո վերսկսվել են որոնողական աշխատանքները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) փոխանցում են, որ Ադրբեջանը թեև առանց պատճառաբանության էր դադարեցրել աշխատանքները, սակայն հայկական կողմը ենթադրում է, որ պատճառներից մեկը կարող էր լինել վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակը։

«Մենք մտածում էինք, որ որպես թշնամական կողմ չեն թողնում որպեսզի իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերում, որտեղ, ի դեպ, մեծ շինարարություն է ընթանում, այդ ամենը մենք տեսնենք ու այնտեղ այցելենք պարզապես, բայց մինչ մենք բանակցում էինք ռուսական զորակազմի և ադրբեջանական կողմի հետ, սահմանին իրավիճակը լարվեց երեք ուղղություններով Հայաստանի և նաև դա եղավ պատճառը, որ որոնողական աշխատանքները դադարեցվեցին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Ծառայության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ 20 օր բանակցություններ են վարել ռուս խաղաղապահների, ադրբեջանական կողմի հետ։ Ի վերջո, նախօրերին վերսկսված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն:

«Բոլորը, քանի որ դիրքային հատվածից է եղել, այդ տարածքներում թեժ մարտեր են ընթացել, միանշանակ է, որ ռազմագործողություններին մասնակիցներ են, ոչ քաղաքացիական անձինք, բայց թե կամավոր են, զինծառայող, ժամկետային, թե պահեստազոր, դա արդեն կիմանանք դատաբժշկական փորձաքննությունից հետո միայն», - ասաց Թադևոսյանը։

Փորձաքննություններն անցկացվում են Երևանում գտնվող դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, որտեղ հարազատներից վերցված ԴՆԹ նմուշների միջոցով նույնականացնում ու պարզում են զոհվածի ինքնությունն ու արյունակցական կապը։

Մոլեկուլային գենետիկայի փորձագետ Դիանա Հարությունյանի խոսքով՝ աշխատանքները հիմա էլ շարունակվում են, համընկնում չունեցող մարմինները և մասունքները պահպանվում են մինչև նույնականացումը։

«Մենք ունենք մինչև այժմ դեռևս չնույնականացած նմուշներ և ունենք այնպիսի նմուշներ, որոնք իրենց կառուցվածքից ելնելով ամբողջական նույնականացման համար պիտանի ԴՆԹ չի անջատվել, շարունակում ենք այդ նմուշների հետ աշխատել, որպեսզի հնարավորինս ստանանք այնպիսի ԴՆԹ բնութագիր, որ հնարավոր լինի հետագայում նույնականացնել», - ասաց Հարությունյանը։

Մոլեկուլային գենետիկայի փորձագետի խոսքով՝ աշխատում են բարդ գենետիկական նմուշների հետ. կան մասունքներ, որոնք կրկնակի, եռակի փորձաքննության են ենթարկվել, բայց նույնականացում չի ստացվել։

«Ցավողք ունենք այդպիսի փորձանմուշներ։ Ունենք այնպիսի փորձանմուշներ որոնցով ստացել ենք ամբողջովին լիարժեք գենետիկական բնութագիր, որը չի նույնականանում, այստեղից կարող ենք ենթադրել, իհարկե, որ կան ծնողներ, որոնք չեն եկել հանձնելու համապատասխան նմուշներ և նրանց տվյալները ԴՆԹ պահոցում մենք չունենք», - ասաց Դիանա Հարությունյանը։

Պատերազմից ի վեր դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել 3 հազար 752 մարմիններից ու մասունքներից վերցված փորձանմուշներ, որոնց համար լրացվել է 3 հազար 408 մահվան մասին բժշկական վկայական։

Առողջապահական գերատեսչությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են որ 3 հազար 752 մարմիններից ու մասունքներից 73 փորձանմուշ այս պահին գտնվում է հետազոտման փուլում։ Այս 73 փորձանմուշներն արդեն 2-րդ կամ 3-րդ փուլերում հետազոտվող նմուշներ են։

Քննչական կոմիտեից էլ տեղեկացնում են՝ չնույնականացված փորձանմուշները առաջիկայում կուղարկվեն արտերկիր՝ գենետիկական փորձաքննության։

Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից ի վեր որոնողական աշխատանքերի ընթացքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է, 27-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձանց մարմիններ են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG