Մատչելիության հղումներ

Ճարտարապետների տան դահլիճում կնչի ջազ, Կամերային երաժշտության տանը՝ Վիվալդի


Արմեն Հյուսնունց

Այսօր երեկոյան թե՛ դասական, թե՛ ջազային երաժշտության սիրահարները հնարավորություն ունեն վայելելու համերգներ, որոնցից մեկը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, մյուսը՝ Ճարտարապետների միության դահլիճում, որտեղ 2018 թվականից Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ ջազային երաժշտության հրաշալի երեկոներ է մատուցում Հայաստանի պետական ջազ նվագախումբը:

Այս տարեսկզբից արդեն մի շարք համերգներով են հանդես եկել, բայց այսօր առաջին անգամ Ճարտարապետների միության դահլիճում համերգով հանդես կգա «Արմեն Հյուսնունց» հնգյակը, որի կազմում են Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Արթուր Սողոյանը (կիթառ), Խաչատուր Սավզյանը (բաս), Արման Փեշտմալջյան (ստեղնաշարային գործիքներ) և Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):

Այսօր առաջին անգամ հանդես եկող «Արմեն Հյուսնունց» հնգյակը շատ ուշագրավ ծրագիր է նախապատրաստել ջազային երաժշտարվեստի երկրպագուների համար՝ նրանց ներկայացնելով հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ և մշակումներ: Սա էլ հենց նորաստեղծ ջազային հնգյակի նպատակն է՝ հնչեցնել և տարածել, ճանաչելի դարձնել հայ կոմպոզիտորների ջազային ստեղծագործությունները։

Հնգյակի առաջին համերգի ծրագրում տեղ են գտել Արմեն Դոնելյանի, Դավիթ Ազաբյանի, Արտաշես Քալանթարյանի, Խաչիկ Սահակյանի, Վարդան Հովսեփյանի և այլ կոմպոզիտորների գործեր:

«Միշտ ենք արել մշակումներ և փոխադրություններ, բայց կա մի սերունդ երաժիշտների, որոնք այսօր, թողնելով երաժշտական ժառանգություն՝ գեղեցիկ ստեղծագործություններ, ջազային կոմպոզիցիաներ, ցավոք, չեն հնչում։ Մանավանդ մեր օրերում, երբ հայկական ինքնության կարևորումն ու վերագնահատումը գնալով կարևորվում է, որոշեցինք մեր դաշտում ներկայացնել նաև հայ հեղինակների ջազային ստեղծագործությունները, որոնք շատ գեղեցիկ են, շատ թարմ են հնչում և վերջապես հայկական են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Հյուսնունցը։

Հարցին, թե արդյոք ծրագրում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնել նաև արտասահմանում անվանի երաժիշտը պատասխանեց․ - «Հույս ունենք հանդես գալ։ Հայրենիքում կլինի, արտասահմանում, արդեն Աստված գիտի։ Տեսնենք, թե մեզ ինչեր են սպասվում էս տագնապալի օրերին։ Բոլոր դեպքերում ցանկություն կա նվագել, և ծրագիրն էլ պիտի անընդհատ նորոգվի, որովհետև շատ են ստեղծագործությունները, որոնք պիտի հնչեցնենք։ Մի ելույթի ծավալ չէ»։

Իսկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այս երեկո Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա համերգով «Տարվա եղանակները» խորագրի ներքո: Կհնչեն Անտոնիո Վիվալդիի հանրահայտ «Տարվա եղանակները» և Սոլ մաժոր սիմֆոնիան: Մենակատարը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր, արտասահմանյան բեմերում հանդես եկող երիտասարդ ջութակահար Արեգ Նավասարդյանն է: Պետական կամերային նվագախմբի հետ նա այսօր ելույթ կունենա առաջին անգամ:

«Հիմնական առանցքը «Տարվա եղանակներն» է Վիվալդիի, որը նրա ամենանշանավոր, ամենակատարվող ստեղծագործությունն է՝ գրված իր սոնետների հիման վրա, հենց Վիվալդիի տողերի հիման վրա։ Այսինքն՝ ծրագրային գործեր են բոլոր չորս կոնցերտները։ Երիտասարդ ջութակահար է շատ տաղանդավոր։ Արեգը սովորում էր Վիեննայում, չնայած երիտասարդ տարիքին, բավական հաջողություններ ունի։ Հույս ունեմ, որ մեծ ապագա է սպասվում այս երիտասարդ տղային։ Առաջին անգամ եմ իր հետ համագործակցում։ Ունեցանք ընդամենը երկու փորձ, բայց, իմ կարծիքով, բավական հետաքրքիր համերգ է լինելու», - ասաց Հարություն Արզումանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG