Իրանը և ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեկ ամսով երկարաձգել են Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական այցեր կատարելու թույլտվության ժամկետը, որը վերջերս սպառվել էր:
«Մենք համաձայնել ենք, որ առաջին՝ Թեհրանում տեխնիկական սարքավորումների միջոցով մեր հավաքած տեղեկատվությունը կպահպանվի և միշտ կլինի գործակալության տրամադրության տակ: Եվ երկրորդ՝ մեր սարքավորումներով այդ դիտարկումների ժամկետը կերկարաձգվի մինչև 2021 թվականի հունիսի 24-ը», - ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
Իրանը և միջազգային տերությունները մտադիր են վերականգնել 2015 թվականի միջուկային գործարքը, որով Իրանը պետք է սահմանափակի միջուկային ծրագիրն, իսկ միջազգային համայնքը պետք է աստիճանաբար չեղարկի տնտեսական պատժամիջոցները: