Մատչելիության հղումներ

Պատերազմին մասնակցած մայորի բուժումը արտերկրում շարունակելու համար անհրաժեշտ գումարի մեկ քառորդն է դեռ հավաքվել


Մայոր Լենդրուշ Խաչատրյանի ընտանիքը, արխիվ

10 ամսական Նանեն հոր՝ մայոր Լենդրուշ Խաչատրյանի գրկում միայն կյանքի առաջին 2 ամիսներին է եղել, արդեն 8 ամիս է տեսազանգը հորը տեսնելու ու ճանաչելու միակ միջոցն է դարձել։

Գումարտակի հրամանատար Լենդրուշ Խաչատրյանը, ով կյանքի 15 տարիները նվիրել է բանակին ու հայրենիքին, Արցախյան 44-օրյա պատերազմը սկսելու առաջին օրից առաջնագծում էր և սեպտեմբերի 28-ին դիտակետում գանգուղեղի բաց վնասվածք է ստացել։ Հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկներին հաջողվել է Լենդրուշի կյանքը փրկել, բայց վիճակի վերջնական բարելավման չեն հասել։

«Աչքերը բացում ա, ձեռքը սեղմում ա, աչքերով թեթևակի բաներ ա հասկացնում, բայց ընդհանուր գիտակցություն չունի, համարվում ա անգիտակից», - ասաց Խաչատրյանի կինը՝ Ռուզան Վերդյանը:

Լենդրուշ Խաչատրյանը բուժումը ստանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, արդեն 8 ամիս է 34-ամյա մայորը վերակենդանացման բաժանմունքում է՝ վեգետատիվ ստատուս վիճակում։ Այսինքն` օրգան-համակարգերը աշխատում են, բայց ուղեղը՝ ոչ։ Հիվանդը չի պատկերացնում, թե ինչ է կատարվում շուրջը՝ որտե՞ղ է, ի՞նչ է անում, ի՞նչ է ուտում:

«Ի սկզբանե Լենդրուշը եղել է ծայրահեղ ծանր կարգավիճակում, այսքան ամիսների աշխատանքի արդյունքը եղել է այն, որ մեզ հաջողվել է Լենդրուշի կյանքը փրկել, սակայն, ցավոք սրտի, չունի գիտակցություն: Ցավոք սրտի, այդպես մնում են հիվանդները անգիտակից վիճակում: Հնարավո՞ր է էլ ավելի վերականգնել, դա անհատական է, իրավիճակով է պայմանավորված, և ես այդ հարցին չեմ կարող պատասխանել՝ ինչքանով հնարավոր կլինի վերականգնել», - ասաց Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:

Նույն՝ վեգետատիվ ստատուս վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոնում 3 զինվոր կա։ Լենդրուշը լուրջ խնամքի ու հսկողության կարիք ունի և կունենա հետագայում, ասում է բժիշկը, հետևաբար դուրս գրելուց հետո նրան պետք է տեղափոխեն խիստ մասնագիտացված վերականգնողական կենտրոն, բայց վիճակի բարելավման մասին դրական կանխատեսում անել չեն կարողանում։

«Բժիշկները խորհուրդ են տալիս իրեն դուրս տանել, որովհետև պառկած վիճակից շատ խնդիրներ կան, որ կարող են առաջանալ ու առաջանում են», - ասաց Քույրը՝ Լենա Խաչատրյանը:

Հուսալքված հարազատները դիմել են տարբեր երկրների բուժկենտրոններին։ Գերմանիայի Medical park Berlin հիվանդանոցից ստացել են դրական պատասխան` բուժումը այնտեղ շարունակելու համար, որի համար անհրաժեշտ է մոտ 160 հազար եվրո։

«Պատասխանել են, որ կարող են ընդունել իրան, երեք ամսվա բուժման համար այդպիսի գումար են ուզել և այդ 3 ամսվա ընթացքում պետք է հասնեն նրան, որ գոնե ինքը խոսա, գրի, քայլի, մինիմալ բաների էլի», - նշեց Լենդրուշի կինը:

Անհրաժեշտ գումարը հավաքելու համար հաշվեհամարներ են բացել, բայց առայժմ միայն 40 հազար դոլար է հաջողվել հավաքել։ Դիմել են նաև Հայաստանի Պաշտպանության նախարարությանը և Արցախի նախագահին։

«Նախարարության հետ խոսեցինք, ասացին, որ իրենք հատուկ ընթացակարգ ունեն նման դեպքերի համար և փաստաթղթեր պահանջեցին արդեն հանձնել եմ այդ փաստաթղթերը, հիմա ես Ղարաբաղում եմ, այստեղ եկանք Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպման, և օժանդակություն հայտնեց նախագահը և ասաց, որ արդեն երբ վերջնական որոշենք, որ տանում ենք, այդ ժամանակ ինչքան գումար, որ հավաքված լինի, մյուս գումարը իրենք կտրամադրեն», - ասաց Լենա Խաչատրյանը:

Լենդրուշ Խաչատրյանի 3 երեխաները սպասում են հորը տանը՝ առողջացած։ Փոքրիկ Նանեն դեռ չի հասկանում, թե ուր է հայրը, ինչ վիճակում, իսկ տղաները՝ 4 և 7 տարեկան, արդեն գիտեն՝ հայրիկը հիվանդանոցում է, բուժվելու է տուն վերադառնա, կիսատ մնացած գործերը միասին են ավարտելու, միասին նաև սեփական տունն են կառուցելու՝ Արցախում։

«Հիմա հարմարվել են, էն սկզբում էր, որ՝ ինչի պապն չի գալիս, չի լավանում, ամեն օր խաբում եք, թե հեսա կլավանա, կգնանք Ղարաբաղ», - նշեց Ռուզան Վերդյանը:

Խաչատրյանների ընտանիքը Ստեփանակերտում էր բնակվում, վարձով։ Որդու ծանր վիճակի մասին լուրը լսելիս Լենդրուշի հայրը սրտի կաթված է ստացել, կյանքը փրկել չի հաջողվել։ Հիմա զինվորի կինը 3 երեխաների հետ Երևանում է բնակվում՝ վարձով, մինչև ամուսինը ոտքի կանգնի։

Ռուզաննային հաջողվել է պետական մարմիններին դիմել և ամուսնու աշխատավարձը, թեև ոչ ամբողջությամբ վերականգնել, որ կարողանա ծախսերի մի մասը հոգալ։ Այս 8 ամիսներին կարողացել են գոյատևել նաև բարեկամների ու ստացած տարբեր դրամական աջակցությունների շնորհիվ։ Առաջիկայում ինչպե՞ս են ապրելու, ինչպե՞ս են գոյատևելու, դեռ չգիտեն՝ հիմա միայն ամուսնուն ոտքի կանգնացնելու մասին են մտածում, մնացյալ հացեը լուծելի են՝ միասին, ասում է մայորի կինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG