Մատչելիության հղումներ

Փարիզում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին


Լուսանկարը՝ «Ազնավուր» հիմնադրամի

Փարիզում հարգանքի տուրք են մատուցել հայազգի մեծանուն երաժիշտ Շառլ Ազնավուրի հիշատակին։ Լեգենդար շանսոնյեի, կոմպոզիտորի, պոետի 97-ամյակի օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդիսավոր արարողությամբ բացվել է նրա կիսանդրին, որի հեղինակը հայազգի քանդակագործ Ալիս Մելիքյանն է։

«Ազնավուր» հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ կիսանդրին տեղադրվել է Օդեոնի հրապարակում՝ Մսյո լը Պղենս փողոցին կից, որի շենքերից մեկում ապրում էին Ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած Ազնավուրյանները:

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Երբ հայրս առաջին անգամ այցելեց Հայաստան, քանդակագործ Ալիս Մելիքյանը նրան նվիրեց այս կիսանդրին: Տարիներ շարունակ այն խնամքով պահվել է մեր տանը, բայց այսուհետ այն պատկանում է բոլոր փարիզցիներին և քաղաքի հյուրերին: Հուսով ենք՝ այս կերպ կօգնենք պահպանել հավաքական հիշողությունը և նրա մշակութային ժառանգությունը», - ասել է Նիկոլա Ազնավուրը:

«Շառլ Ազնավուրն ու Փարիզն իրար հավերժ սիրահարված են. սա, իրապես, մեծ սիրո շատ սիրուն պատմություն է։ Եվ մայրաքաղաքի հանդեպ իր սերը նա նշանավորել է անմոռանալի երգերով՝ «Սիրում եմ Փարիզը՝ մայիսին», «Ես տեսա Փարիզը», «Փարիզցի մանչը» և, իհարկե, «Բոհեմը»...Բազմաթիվ այլ գործեր էլ, որոնք նրա հիացմունքն ու սերն են արտացոլում Փարիզի հանդեպ...Ակնհայտ է, որ քաղաքի հանդեպ նրա այս սերը փոխադարձ է։ Ազնավուրի երաժշտությունը միշտ կապրի փարիզցիների սրտերում», - հայտարարել է Անն Իդալգոն։

Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում։ Նա հարյուրավոր երգերի, բազմաթիվ ձայնասկավառակների հեղինակ էր, տասնյակ ֆիլմերում նկարահանված դերասան, համաշխարհային աստղ, ով աշխարհին է նվիրել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսին են «Լա Բոհեմ»-ը, «Մամա»-ն, «Ավե Մարիա»-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG