Մատչելիության հղումներ

Մասնագետները տուրիզմի ոլորտում արդեն աշխուժացում են նկատում


Ռուս տուրիստները Երևանի փողոցներից մեկում, 3-ը մայիսի, 2021թ.

Մասնագետները 2020 թվականի հետ համեմատ և՛ արտագնա, և՛ ներգնա տուրիզմի ոլորտում որոշակի աշխուժություն են նկատում: Տուրիզմը քովիդի պատճառով ամենատուժած ոլորտներից մեկն էր։

«20 թվականի հետ համեմատ մենք արդեն սկսել ենք շնչել, տուրոլորտը մի քիչ աշխուժանում է՝ և՛ արտագնա, և՛ ներգնա տուրիզմի առումով», - ասաց տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։

Գործակալության աշխատակիցներից մեկն էլ ներկայացրեց. «Այս տարի շատ-շատ պահանջված են Եգիպտոսը, Թունիսը։ Դիմողները շատ են, նամակները շատ-շատ են, գալիս են, գնում են, հարցնում են, զանգում են»:

Ճամփորդելու սահմանափակումների մեղմացումից հետո այս ուղղություններով մարդիկ ավելի շատ են հետաքրքրվում, ասում է տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Առաջին ուղղությունը Եգիպտոսն էր, գրեթե վերականգնվել ենք, տոկոսային առումով խնդիր չունենք Եգիպտոսի հետ կապված, որովհետև այս պահին իրականացնում ենք շաբաթական 2 թռիչք, մինչև մայիսի վերջ անգամ տեղեր չունենք, հունիսից թռիչքները աճում են դառնում են շաբաթական վեց թռիչք դեպի Եգիպտոս, այսինքն՝ արտագնա տուրիզմի հետ կապված կոնկրետ մեր կազմակերպությունը խնդիր չունի, կարելի է ասել վերականգնված ենք։ Մենք հունիսից մեկնարկելու ենք նաև նոր ուղղություն՝ Թունիսը, առաջին թռիչքը հունիսի 25-ին է և արդեն իսկ բավականին շատ ամրագրումներ կան, այսինքն՝ մարդիկ պլանավորում են ամառը, եթե ոչինչ չխանգարի, բնականաբար, մեկնելու են։ Եվ սեպտեմբերի 25-ից Հորդանան թռիչքներն ենք մեկնարկում։ Այս չվերթն այնքանով է կարևոր մեզ համար, որ Հորդանանից ևս շատ մեծ հետաքրքրություն կա, և թռիչքի մի մասը մենք պլանավորում ենք, որ պետք է լինեն հորդանանցի զբոսաշրջիկներ, ովքեր կայցելեն Հայաստան», - ասաց Ստամբուլյանը:

Նկատելիորեն աշխուժացել է նաև ներգնա տուրիզմը։ Զբոսավար Զարուհի Օրբելյանի խոսքով՝ դա մի քանի գործոնների արդյունք է. «Թուրքիայի չվերթները փակ են, Թուրքիան որպես հանգստյան գոտի փակ է Ռուսաստանի համար, Վրաստանը փակ է ու դա տնտեսապես, իհարկե, շատ մեծ պայման ստեղծեց մեզ համար։ Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ մի տարուց ավելի է փակված են տներում և բոլորիս հետ է նույն բանը կատարվում, որ անկախ քեզանից ուզում ես վերադառնալ այն հին կարոտած կյանքին, ուզում ես ճամփորդել, դուրս գալ տնից: Հաջորդ գործոնն էլ տոներն էին, երկար արձակուրդներն էին, որ էլի մեզ շատ օգնեց՝ Ռուսաստանում 10-օրյա արձակուրդ տվեցին»։

Զբոսավարները առաջիկայում ակնկալում են նաև եվրոպական երկրներից հոսք դեպի Հայաստան։

Օրերս հաստատվեց Հայաստան մուտք գործելու նոր կարգը, ըստ որի՝ պարտադիր է ներկայացնել կորոնավիրուսի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ կամ հիվանդության դեմ ամբողջական պատվաստման հավաստագիր։ Ընդ որում՝ երկրորդ դեղաչափը պետք է ներարկված լինի երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ։ Առայժմ հիմնականում այցելուները Ռուսաստանից են։

2021-ի առաջին եռամսյակի տվյալները թեև Զբոսաշրջության կոմիտեն դեռ գոհացնող չի համարում, սակայն ոլորտում աճ, այնուամենայնիվ, կանխատեսում է։ Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելի քան 86 հազար է։ Թեև դեռ տվյալներ չկան, սակայն կոմիտեի փոխանցմամբ՝ մայիսին պատկերը զգալիորեն կփոխվի՝ շնորհիվ զբոսաշրջիկների մեծ թվով այցելության։

Իսկ ի՞նչ իրավիճակ էր 2019-ի և 2020-ի առաջին եռամսյակում։ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստան է եկել 364 հազար տուրիստ, իսկ արդեն 2020-ի նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 370 հազար։ Ընդ որում՝ հիմնական հոսքը հունվար, փետրվար ամիսներին է եղել։ Զբոսաշրջության կոմիտեն ակնկալում է, որ 2021 թվականին Հայաստան կայցելի մոտ 700 հազար զբոսաշրջիկ։

XS
SM
MD
LG