Մատչելիության հղումներ

ԵՄ-ը հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ընդգծում է Անդրեա Վիկտորինը


Եվրամիությունը հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին, Սյունիքում «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, որը Հայաստանում հավատարմագրված ԵՄ 11 դեսպանների հետ այսօր այցել էր Սև լճին մոտ գտնվող տարածք՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրադրությանը:

Անդրեա Վիկտորինը հույս ունի՝ հակամարտությունը կհանգուցալուծվի. «Մենք աշխատում ենք դիվանագիտական գործիքակազմով, փորձում ենք համոզել կողմերին, որ պետք է գտնենք խաղաղ լուծում և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»:

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Հունաստանը, Լեհաստանը և Եվրամիության անդամ այլ երկներ ներկայացնող դեսպանները Սյունիքում էին իրենց նախաձեռնությամբ: Տեղում նրանց ներկայացվեցին նաև հայկական կողմի քարտեզները: ԵՄ դեսպանը հայտարարում է՝ տեսածից եզրակացրել է՝ ակնհայտ է Սև լճի մեծ մասը Հայաստանի տարածքում է:

«Լսել ենք մի քանի քարտեզների մասին, մեզ այսօր ներկայացվել է 1956 թվականի քարտեզը, ցուցադրված քարտեզից ակնհայտ էր, որ լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց ես փորձագետ չեմ», - նշեց Վիկտորինը:

Արդեն ավելի քան մեկ շաբաթ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության գլխավոր օջախ դարձած Սև լճի տարածք եվրոպացի դիվանագետների այցն Արտաքին գործերի նախարարությունն էր կազմակերպել: Այսօր նախատեսվում էր, որ լճին մոտ տարածք դեսպանների հետ նաև լրագրողները պետք է այցելեն, այդուհանդերձ, մինչ ուղևորությունը հաղորդվեց, թե Պաշտպանության նախարարությունը արգելել է լրատվամիջոցների ներկայությունը տարածք՝ առանց որևէ այլ պարզաբանման:

XS
SM
MD
LG