Մատչելիության հղումներ

Անկարան դատապարտել է Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը


Եվրախորհրդարանի նիստ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, արխիվ

Անկարան դատապարտել է Եվրախորհրդարանում ընդունված «Թուրքիա 2019-2020» զեկույցը` այն համարելով միակողմանի և հեռու օբյեկտիվությունից։

Այդ բանաձևով Եվրախորհրդարանը Թուրքիային նաև կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը ճանապարհ կհարթի հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման համար։ Եվրախորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնել Թուրքիայի թշնամական արտաքին քաղաքականության կապակցությամբ՝ մասնավորապես Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի մասնակցության առնչությամբ։

Խորհրդատվական բնույթ ունեցող բանաձևը Եվրախորհրդարանում ընդունվել է մայիսի 19-ին։ Կողմ է քվեարկել 480 պատգամավոր, դեմ՝ 64-ը, 150-ը ձեռնպահ է մնացել։

Եվրոպայի ամենամեծ քաղաքական ուժը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թվիթերում գրել է, թե Թուրքիայի հարցով ընդունվել է ամենակոշտ բանաձևը ողջ պատմության ընթացքում։ Բանաձևն արձանագրել է, որ Անկարայի հետ հարաբերությունները բարելավվելու փոխարեն վատթարացել են, և խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ Եվրամիության ու անդամ երկրների հանդեպ սադրանքների դիմելու և Թուրքիային եվրոպական չափանիշներից հեռացելու համար։

Բանաձևը Եվրահանձնաժողովին կոչ է արել պաշտոնապես սառեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները։

Բանաձևի ընդունմանը անմիջապես հաջորդել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքը։

«Նման բանաձևի ընդունումը այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում վերականգնելու Թուրքիայի և Եվրամիության միջև հարաբերությունները՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարների հիման վրա և դրական օրակարգի շրջանակներում, անընդունելի է», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Անկարան հայտարարել է, թե չի ընդունում այդ «կողմնակալ տեքստը, որտեղ ընդգրկված են ոչ միայն սուտ պնդումներ Թուրքիայում մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, պետական համակարգի և քաղաքական կուսակցությունների մասին, այլ նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դիտարկված է որպես սպառնալիք»։

Թուրքիայի արտգործնախարարության գնահատմամբ՝ փաստաթուղթն «արտահայտում է Հունաստանի և կիպրոսցի հույների բացարձակ անարդար և կողմնակալ պնդումները Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրականի ու Կիպրոսի հարցում, ինչպես նաև պաշտպանում է հայերի միակողմանի պահանջները 1915 թվականի իրադարձությունների հետ կապված»։

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու առաջարկի մասին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, թե փաստաթղթում փորձ է արվել այն հարցականի տակ առնել, ինչն արտահայտում է ձեռք բերված համաձայնություններից խուսափելու ձգտումներ։

«Եվրամիության ինստիտուտներին և Եվրախորհրդարանի անդամներին հայտնի է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցություններում լճացման պատճառը ոչ թե Թուրքիայի՝ բարեփոխումներից հրաժարվելն է կամ Եվրամիության օրենսդրական նորմերն ընդունելու թերացումները, այլ ավելի շուտ այն փաստը, որ որոշակի շրջանակներ դեռ ամենասկզբից անդամակցության գործընթացն օգտագործել են Թուրքիայի դեմ իրենց քաղաքական շահարկումների համար», - ասված է հայտարարությունում։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդել է, որ Եվրամիությանն անդամակցելը Անկարայի ռազմավարական նպատակն է, այն օգուտներ կբերի ամբողջ Եվրոպային ու նրա սահմաններից դուրս, և որ Թուրքիան շարունակելու է վճռական քայլերը այդ նպատակին հասնելու համար։

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ, EPP) թվիթերյան գրառմամբ պնդել է բանակցությունները դադարեցնելու առաջարկը։ «Մենք պնդում ենք, որ Թուրքիայի անդամակցության բանակցությունները պաշտոնապես պետք է սառեցվեն, եթե ներկայիս բացասական միտումներն անհապաղ և հետևողականորեն հետ չշրջվեն», - հայտարարել է ԵԺԿ-ն։

Նշենք, որ չնայած Եվրախորհրդարանում ընդունված բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, պարտադիր կատարման ուժ չունեն, բայց Եվրամիության գործադիր մարմինները, եվրոպական ինստիտուտները որոշումներ կայացնելիս կարող են հաշվի առնել, հիմք ընդունել այդ բանաձևերն ու դրանցում տեղ գտած առաջարկները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG