Մատչելիության հղումներ

Ներկա իրավիճակում կարևոր է պետական կառույցների կողմից երկիրը ճգնաժամից հանելու պատասխանատվությունը. նախագահ


Ներկա իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության և պետական կառույցների կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատվությունը, հատկապե՛ս անվտանգության ապահովման հարցերում, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահը Հայաստանի պաշտպանության նախարարությանը, ԶՈւ գլխավոր շտաբի, ԱԱԾ-ին հորդորել է իրենց գործառույթների շրջանակում գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:

«Ոչ պակաս կարևոր է մեր դիվանագիտական զինանոցի կիրառումն իր ողջ ուժով: Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումը, միջազգային գործընկերների հետ համագործակցության և դաշնակցային հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն են: Այդ հարաբերությունները պետք է կառուցել իրատեսական և նպատակային օրակարգի հիման վրա: Պետք է գործարկել թե՛ ավանդական և թե՛ հանրային դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, ներգրավել Սփյուռքը և օգտագործել բոլոր ռեսուրսները», - նշել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը հավելել է նաև, որ ստեղծված իրավիճակը և մեր գործելակերպն ու արձագանքը պետք է հասկանալի և ընկալելի լինեն մեր միջազգային գործընկերների համար. «Հասարակությունը պետք է ժամանակին և ճշգրիտ իրազեկված լինի տեղի ունեցող գործընթացների մասին՝ վստահ լինելով, որ ինքը պաշտպանված է, որ պետությունը, անկախ քաղաքական կամ այլ գործոններից, իրականացնում է իր գործառույթները»:

«Ստեղծված իրավիճակում վերստին հրամայական է համազգային միասնականությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Միայն այդ դեպքում կարող ենք լուծել անվտանգային, տնտեսական, ներքաղաքական և մյուս բոլոր խնդիրները: Պետք է գիտակցել, որ մենք ունենք մի սահման՝ Հայրենիքի սահմանը:

Որպես պետություն և ազգ մենք պետք է ունենանք մեկ՝ համապետական և համազգային օրակարգ: Յուրաքանչյուրս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր դերակատարմամբ պետք է գործենք այդ միասնական օրակարգի շրջանակում: Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահերը կարող է ներկայացնել ու պաշտպանել միայն ուժեղ, կայուն, միասնական և համախմբված Հայաստանը», - եզրափակել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG