Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ, հրավիրել Հայաստան


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Տոկաևի պետական գործունեության հարուստ փորձը, բնորոշ քաղաքական կամքը և եռանդը կշարունակեն ներդրում ունենալ Ղազախստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաև կնպաստեն հայ-ղազախստանյան հարաբերությունների ներուժի իրացմանը:

Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում իրենց շփումը՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ակնկալում է առաջիկայում ողջունել նրան Հայաստանում` համաձայն առկա պայմանավորվածության:

Այսօր Տոկաևի հետ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նապագահ Իլհամ Ալիևը։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող կացությանը՝ նշելով, որ այս պահին սահմաններն են հստակեցվում։ Նրա բնորոշմամբ, «հայկական կողմը ոչ համարժեք արձագանք է ցուցաբերում։ «Այս հարցով Հայաստանի դիմումը՝ ուղղված Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ոչ այլ ինչ է, քան հարցը միջազգայնացնելու փորձ: Դա բացարձակապես անհիմն քայլ է։ Սահմանին որևէ ընդհարում տեղի չի ունեցել, իրավիճակը կայուն է, իսկ բանակցությունները շարունակվում են»։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում։

XS
SM
MD
LG