Մատչելիության հղումներ

Չինաստանի տիեզերական ապարատը այսօր վայրէջք կատարեց Մարսի վրա


"Tianwen-1"-ի կողմից արված Մարս մոլորակի լուսանկարը, արխիվ

Այսօր առավոտյան Չինաստանի տիզերական ապարատը վայրէջք կատարեց Մարսի վրա։ Այս մասին հաղորդեց Ազգային տիեզերական գործակալությունը։ Պեկինը սա պատմական պահ է համարում։

«Մարսի վրա առաջին անգամ չինական հետք դրվեց։ Սա ևս մեկ նշանակալից քայլ է Չինաստանի տիեզերական արդյունաբերության զարգացման ուղղությամբ», - ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ժողովրդին շնորհավորելով կոմունիստական կուսակցության և պետական բարձր ատյանների անունից։

"Tianwen-1" տիեզերանավի ճամփորդությունը մեկնարկել էր 2020 թվականի հուլիսին։ Յոթ ամիս անց այն հասել էր Մարսի ուղեծիր և երկու ամիս պտտվելով մոլորակի շուրջ, այսօր հաջողությամբ իրականացրեց "Zhurong" մարսագնաց ապարատի վայրէջքը, որին չինացիները կոչել են կրակի Աստծո անունով։ Իսկ "Tianwen"-ը չինարենով նշանակում է «հարցեր երկնքին», սա ավելի քան 2 հազար տարի առաջ գրված չին բանաստեղծի պոեմից է։

Տիեզերական ապարատն ուսումնասիրելու է Մարսի մակերեսն ու մթնոլորտը։ Սարքավորումներն ու ինքնագնացը լիցքավորվելու են արևային էներգիայից։

Չինաստանը ԱՄՆ-ից հետո դարձավ երկրորդ երկիրը, որը տիզերական ապարատ ուղարկեց Կարմիր մոլորակ։ Փետրվարին Մարս էր հասել NASA-ի "Perseverance" ապարատը: Մարտից այն սկսել է հետազոտական աշխատանքները։ Ամերիկյան ապարատի սարքավորումներին հաջողվել է Մարսի մթնոլորտից թթվածին ստանալ, ինչը մեծ քայլ է համարվում դեպի Կարմիր մոլորակ հետագա տիզերական ճամփորդությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG