Իրանի առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար այսօր առաջադրվել են արդարադատության համակարգի ղեկավար Իբրահիմ Ռայիսին և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին։ Ըստ վերլուծաբանների, նախագահի պաշտոնի համար նրանք հավանաբար կլինեն հիմնական մրցակիցները։
Գործող նախագահ Հասան Ռոհանիի նախագահության ժամկետն ավարտվում է, նա այլևս առաջադրվելու իրավունք չունի։ Հունիսի 18-ին կայանալիք ընտրությունները համարվում են նաև փորձություն երկրի հոգևոր կառավարիչների համար։
60-ամյա Ռայիսին Իրանի շիա մահեդական վերնախավում միջին օղակի հոգևորական էր համարվում, բայց այալթոլա Ալի Խամենեիի կողմից 2019-ին նշանակվելով արդարադատության համակարգի ղեկավար, նա դարձել է երկրի ազդեցիկ դեմքերից մեկը։
Բարեփոխականներին ու իրավապաշտպաններին մտահոգում է Ռայիսի առաջադրումը, որովհետև դատավորի նախկին պաշտոնում նա հայտնի էր իր կոշտ հայացքներով։ Հատկապես 1980-ական թվականներին նա չորս դատավորների թվում էր, որոնք հազարավոր քաղբանտարկյալների դատապարտել են մահապատժի։
Լարիջանին Իրանի միջուկային ծրագրերի հարցով նախկին բանագնացն էր, հիմա Խամենեիի խորհրդականներից մեկն է։ Նա հույս ունեի ստանալ ինչպես չափավորների, այնպես էլ կոշտ գծի կողմակիցների աջակցությունը և վերացնել կամ մեղմել այդ դիրքորոշումների տարբերությունները։
Նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետն այսօր ավարտվում է, որից հետո 12 անդամներից կազմված Պահապանների խորհուրդը ստուգելու է թեկնածուների քաղաքական և կրոնական համապատասխանության հարցը։ Այդ խորհրդի վեց անդամները նշանակվում են երկրի հոգևոր առաջնորդի կողմից։ Պահապանների խորհուրդը իրավունք ունի մերժել թեկնածուների գրանցումը և գերակշիռ մասին մերժում է։ Օրինակ՝ անցած ընտրություններին առաջադրված հարյուրավոր թեկնածուներից Պահապանների խորհուրդը գրանցել էր ընդամենը վեցին։ Գալիք ընտրություններին մասնակցելու համար Պահապանների խորհրդի քննությունն անցած թեկնածուների վերջնական ցանկը հրապարակվելու է մայիսի 26-27-ը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 18-ին։