Մատչելիության հղումներ

Ունկնդրի դատին կհանձնվի Էդգար Հովհաննիսյանի խմբերգերի ձայնասկավառակը


Էդգար Հովհաննիսյան
Էդգար Հովհաննիսյան

Այսօր երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը  տեղի կունենա 20-րդ դարի հայ լավագույն կոմպոզիտորներից Էդգար Հովհաննիսյանի խմբերգերի  ձայնասկավառակի շնորհանդես-համերգը:

Այս ձայնասկավառակը առաջինն ու առայժմ միակն է, որը ներկայացնում է կոմպոզիտորի խմբերգային ստեղծագործությունները: Ձայնասկավառակը ծնունդ է առել Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիրներ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի և երգչախմբի տնօրեն Վիլյամ Վայների նախաձեռնությամբ:

Անցյալ տարի լրացավ Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը, որի կապակցությամբ, Վիլյամ Վայների փոխանցմամբ, երգչախումբը Կամերային երաժշտության տան տնօրինության աջակցությամբ վճռել էր անպայման թողարկել այս ձայնասկավառակը՝ չնայած բոլոր բարդություններին՝ համավարակ, պատերազմի, իսկ անցյալ տարի հոկտեմբերին էլ՝ մաեստրո Հարություն Թոփիկյանի մահը համավարակի պատճառով:

«Տասը տարի առաջ մենք սկսեցինք խոսել, որ հարկավոր է ձայնագրել այս CD-ին և թողարկել։ Դա աննախադեպ CD պետք է լինի համաշխարհային մասշտաբով, քանի որ ոչ մի CD գոյություն չունի, այն էլ՝ իր մեջ պարունակող «Տերյանական շարը»։ Մենք ձայնագրեցինք, իհարկե, ընտրանին այդ շարքից, որին կցել ենք նաև իր ժողովրդական երգերի մշակումները», - նշեց Վայները։

Ճիշտ 25 տարի ղեկավարեց Հարություն Թոփիկյանը իր իսկ հիմնադրած երգչախումբը՝ այդ ընթացքում ոչ միայն աշխարհով մեկ տարածելով հայ երգն ու երաժշտությունը, այլ նաև մի շարք կարևորագույն ձայնասկավառակներ թողարկելով: Օրինակ, կոմիտասյան բոլոր 147 խմբերգերի ձայնագրությունները:

Երևանի պետական կամերային երգչախմբի տնօրենի խոսքով, շատ ծանր ժամանակաշրջան էր, բայց իրենց միասնության շնորհիվ անցյալ տարեվերջին ավարտեցին աշխատանքը և ահա այսօր հանրության դատին կներկայացնեն Էդգար Հովհաննիսյանի խմբերգերի ձայնասկավառակը՝ երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ, դիրիժոր, խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ:

Մաեստրոյի մահվանից հետո ձայնասկավառակի ստեղծման աշխատանքները շարունակվել են նրա սան և օգնական, նրա հետ 25 տարի աշխատած Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ:

«Մենք հասկացանք, հատկապես ես հասկացա, որ մենք իրավունք չունենք թուլանալու և իրավունք չունենք, որ երգչախումբը չշարունակի իր վառ ստեղծագործական ուղին։ Մենք հասկացանք, որ մենք միաձույլ ենք, որ մենք միասնական ենք միայն այն պատճառով, որ սերը դեպի կյանքը, դեպի կերտելը արվեստ, սերը միմյանց նկատմամբ և բոլորի նկատմամբ։ Մենք հասկացանք, քանի որ դա հնարավոր է, քանի որ մեր երգչախմբում կա մի հիանալի անձնավորություն, որը նույնպես աշխատում է երգչախմբի հիմնադրման օրվանից։ Խոսքը գնում է Քրիստինա Ոսկանյանի մասին, և մենք հասկացանք, որ իր հետ մենք դա կկարողանանք անել։ Մենք երջանիկ ենք, որովհետև չկա ավելի վեհ հասկացողություն նման երգչախմբի համար, երբ որ մենք նույն վստահությամբ ինչը որ մեզ վայել էր քսանհինգ տարվա ընթացքում, շարունակվում է։ Մենք նույն վստահությամբ բարձրանում ենք բեմ և նույն երջանկությամբ հասցնում ենք մեր յուրաքանչյուր համերգը ավարտին։ Կուռ մի բռունցք․ դրանում է մեր ուժը։ Դա էլ մեր մաեստրոյի նվաճումներից մեկն է, որ նա երգչախումբը դարձրեց մեկ ընտանիք»։

Էդգար Հովհաննիսյանի բազմաժանր ստեղծագործությունների շարքում՝ օպերային, սիմֆոնիկ, կամերային, վոկալ և այլք, իրենց ուրույն տեղն ունեն խմբերգային ստեղծագործությունները, որոնց թվում է «Տերյանական շար» մեծակտավ ստեղծագործությունը: Այն կոմպոզիտորը ստեղծել է բանաստեղծի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG