Մատչելիության հղումներ

Կազմակերպությունը խուսափել է վճարել հարկերը՝ ավելի քան 37 միլիոն դրամ․ ՊԵԿ-ն է բացահայտել


Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտարարում է, որ բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունները չվճարելու հերթական դեպքը։

Ըստ հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքում գազալցավորման գործունեություն ծավալող կազմակերպությունը դեռևս 2019-ին ճանաչվել է սնանկ, սկսվել է լուծարման վարույթ, սակայն ընկերությունը շարունակել է մատուցել ծառայություններ: Այդ ընթացքում տնտեսվարողի կողմից վաճառված գազի ծավալների վերաբերյալ փաստաթղթեր չեն կազմվել ու հարկային մարմնին չեն ներկայացվել համապատասխան հաշվարկներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 37 միլիոն 334 հազար դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:

Արդյունքում՝ 2020-ին կազմակերպության տնօրենին Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի [Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը] 2-րդ մասով առաջադրվել է մեղադրանք: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո ընկերության տնօրենը կրկին շարունակել է գործունեությունը՝ առանց իրացումների գծով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու:

ՊԵԿ-ը նշում է, որ տնտեսվարողի հակաօրինական գործունեությունը կանխելու, այդ ընթացքում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու նպատակով որոշում է կայացվել առգրավել գազալցակայանի բաշխիչ աշտարակները, ապամոնտաժվել են Գյումրի քաղաքում ապօրինի գործունեություն իրականացնող գազալցակայանի՝ բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման երկփողանի բաշխիչ աշտարակները, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույցներ և տեղափոխվել այլ տարածք:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տնտեսվարողի կողմից պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG