Մատչելիության հղումներ

Ավարտվել է «Հարսնաքար»-ի տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը


Ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ևս մեկ անձի՝ երևանաբնակ 36-ամյա տղամարդուն, մեղադրանք է առաջադրվել՝ ինքնիրավչության, ազատությունից ապօրինի զրկելու և պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար:

Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու ընկերներից մեկի և ինքնությունը չպարզված 5-6 անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր` Հայրապետյանի կազմակերպմամբ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել է «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։

XS
SM
MD
LG