Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի միջպետական գանգատները Եվրադատարանում կքննի Մեծ պալատը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կքննի Մեծ պալատը։ Գործերի քննության իրավազորությունը Մեծ պալատին զիջելու որոշումը Եվրադատարանի Պալատը կայացրել է մայիսի 11-ին։

Ավելի վաղ՝ մարտի 9-ին Պալատը կողմերին ծանուցել էր իր այդ մտադրության մասին, կողմերը չէին առարկել։

Մեծ պալատում գործերի քննության ժամկետներ Եվրադատարանի հաղորդագրությունում չեն նշվում։

Ինչպես ամիսներ առաջ հաղորդել էր Եվրադատարանը, հայցվորները պնդում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Մարդու իրավունքների կոնվենցիայի լայնատարած խախտումների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և հանրային գույքի վրա հարձակումների, զինվորականների և քաղաքացիական անձանց մահապատիժների, խոշտանգումների և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, ռազմագերիներին չհանձնելու, մարտական գործողությունների շրջաններից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանման մասին։

Բացի այդ, Ադրբեջանը պնդում է նաև, թե Հայաստանը պատասխանատու է 1992 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ու շրջապատող տարածքներում Կոնվենցիայի խախտումների, այդ թվում՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանման, ադրբեջանցիների անհետացման և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, մշակութային և կրոնական սեփականության ոչնչացման համար։

ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ երկու պետությունները պատերազմի օրերին դատարանին էին դիմել նաև միջանկյալ միջոցներ կիրառելու համար։

Բացի այդ, Եվրադատարանը երկու երկրներից, ինչպես նաև ռազմագերիների հարազատներից դիմումներ է ստացել գերիների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG