Մատչելիության հղումներ

Թաթոյանը հայտարարում է՝ ընտրություններին չի մասնակցելու, ընտրացուցակներում չի լինելու


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ, արձագանքելով մամուլում շրջանառվող տեղեկություններին, հայտարարեց՝ չի մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ընտրացուցակներում չի լինելու։

Ավելին՝ Թաթոյանն ընդգծեց՝ իրենք մոնիթորինգի են ենթարկելու ընտրական պրոցեսը։

Պաշտպանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Մամուլում եղան տեղեկություններ, որ Դուք քաղաքական ուժերից առաջարկներ եք ստացել և ի վերջո մտադիր եք մտնել քաղաքականություն, Ձեր պաշտոնավարմանն էլ մեկ տարի է մնացել և Ձեր այս ակտիվությունը դրա նախերգանքն է։

Արման Թաթոյան․ - Ախր ես էլ որերորդ անգամ բացատրեմ, ասեմ, որ ես չեմ մասնակցելու ընտրություններին, ինձ որևէ կուսակցական ցուցակում չեն տեսնի որևէ մեկը։ Դա է նաև պատճառը, որ շատերը նաև իբր փորձելով, ներշնչելով, որ մարդու իրավունքների պաշտպանն ունի ինչ-որ քաղաքական նպատակներ, այդ թվում՝ լինում էին դեպքեր, որ մեր միջազգային գործընկերներին ասում էին՝ ինքն ունի քաղաքական ամբիցիաներ, հասկանում եք, դա ճիշտ չէր։

«Ազատություն»․ - Ի դեպ, ստացե՞լ եք առաջարկներ ընտրական ցուցակներում ընդգրկվելու։

Արման Թաթոյան․ - Մի քանի առաջարկ եղել է, բայց անձամբ ինձ հետ ոչ մեկ չի հանդիպել, բայց ես լսել եմ, որ ինչ-որ համացանցում են քննարկում։ Միաշանակ, հենց հիմա էլ բոլորին ասում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանն, ի գիտություն բոլորի, չի մասնակցելու ընտրական որևէ պրոցեսի, ավելին՝ մենք մոնիթորինգի ենք ենթարկելու ընտրական պրոցեսը։

«Ազատություն»․ - Դուք ունե՞ք մտավախություններ կեղծիքների՝ փողի բաժանում, վարչական ռեսուրսի կիրառում․․․

Արման Թաթոյան․ - Ընտրական իրավունքը մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևորագույն տիրույթներից է, իմ գլխավոր մտահոգությունը, որ այստեղ կա, այն բևեռացման աստիճանն է, վիրավորանքի ու ատելության խոսքի մակարդակը, որ կա սոցիալական ցանցերում։

«Ազատություն»․ - Գուցե փոխադրվի նաև քարոզարշավի՞ հարթակներ։

Արման Թաթոյան․ - Աստված չանի, որ էդպես լինի, մենք պետք է ամեն ինչ անենք․․․, այ տեսեք, պիտի ասեմ, սա պետության պոզիտիվ պարտավորությունն է՝ ապահովել երկրում բոլոր խաղաղ գործընթացները և մյուս կողմից ընդդիմությունն էլ պարտավոր է զերծ մնալ լարվածության տանող, վիրավորանքի ծավալը մեծացնող որևէ գործողությունից, որովհետև, այո՛, կարող է նաև տեղափոխվել իրական կյանք։ Օրինակ մենք էս վերջում ունեցանք, հիշո՞ւմ եք, տարածեց ոստիկանությունը հայտարարություն, որ սոցիալական ցանցում երկու հոգի իրար հայհոյել էին, գնացել էր մեկլը Գյումրիում սպանել էր մյուսին։ Սա շատ վտանգավոր է, որովհետև կրիմինալոգիական նաև տեսանկյունից մթնոլորտի ագրեսիվացումը հղի է իրավախախտումների, այդ թվում՝ հանցագործությունների բռնության ընթացքով։ Առաջին խնդիրն է, որ պետք է անպայման կանխարգելել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG