Մատչելիության հղումներ

Իրանում սկսվել է նախագահության թեկնածուների առաջադրումը


Իրանի Հեղափոխական գվարդիայի նախկին ծառայող, քաղաքական գործիչ Սաեդ Մոհամադն առաջադրում է թեկնածությունը նախագահական ընտրություններում, Թեհրան, 11 մայիսի, 2021թ.

Իրանի Իսլամական Հանրապետությունում սկսվել է հունիսի 18-ին նախատեսված նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումը:

Գործող նախագահ Հասան Ռոհանին, ով արդեն պաշտոնավարել է երկու անգամ, այլևս չի կարող առաջադրվել:

Թեկնածուներից մեկը Սաեդ Մոհամադն է, ով նախկինում ծառայել է Հեղափոխական գվարդիայում և եղել է դրա կազմում «Ալ Քուդս» զորամիավորման հրամանատար, անցյալ տարեսկզբին ամերիկյան ԱԹՍ-ի հարվածից սպանված գեներալ Քասեմ Սոլեյմանիի խորհրդականը:

Թեկնածուների առաջադրումը կտևի 5 օր, այդ ընթացքում Իսլամական հեղափոխության Պահապանների խորհուրդը պետք է վերլուծի բոլոր դիմումները և վճռի, թե արդյոք հավանական թեկնածուն իր քաղաքական ու կրոնական որակներով համապատասխանում է գրանցվելու համար անհրաժեշտ չափանիշներին:

Սաեդ Մոհամադն այսօր խոսել է Իրանի և գերտերությունների միջուկային ծրագրի մասին:

«Իրանի կառավարությունը և խորհրդարանը հավատարիմ են համաձայնությունը կատարելու գաղափարին, Իրանն ընդհանրապես միշտ կատարել է միջազգային պարտավորությունները, խնդիրը կապված է մյուս կողմի հետ, որը դուրս է եկել պայմանագրից, մենք իհարկե կողմ ենք հարցը բանակցություններով լուծելու տարբերակին»,- ասել է նախագահության հավանական թեկնածուն:

Իրանի և գերտերությունների միջուկային գործարքը կնքվել է 2015 թվականին, 2018-ին Միացյալ Նահանգները հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի վճռով դուրս է եկել պայմանագրից: ԱՄՆ ներկայիս նախագահ, դեմոկրատական Ջո Բայդենն ասել է, որ պայմանագիրը վերականգնելու կողմնակից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG