Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ոչնչացնում է հայկական գերեզմանատներն ու տապաններն օգտագործում որպես շինանյութ. ԼՂ արտգործնախարար


Մեծ Թաղերի գերեզմանատունը՝ արբանյակային լուսանկարներով։

Ադրբեջանը ոչնչացնում է գրավված տարածքներում հայկական գերեզմաններն և գերեզմանաքարերը՝ օգտագործելով որպես շինանյութ ճանապարհների կառուցման նպատակով, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Ըստ նախարարի տեղեկությունների, գերեզմանաքարերն օգտագործվում են դեպի Շուշի տանող ճանապարհի կառուցման համար․ - «Քարերը գողանում են կամ պարզապես ոչնչացնում են և, ըստ մեր տվյալների, օգտագործվում են այդ ջարդված քարերը ճանապարհների հիմքերի կառուցման համար։ Առավել ևս դա ակնհայտ է, ըստ որոշ տեղեկությունների, Հադրութի շրջանում, որտեղ մասսայաբար ոչնչացվում են գյուղերում գերեզմանատները և այդ տապանները օգտագործվում են ճանապարհաշինության մեջ։ Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն։ Վաղը որ ինչ-որ մեկը գնաց այնտեղ, չի տեսնելու ոչ մի հայկական հետք։ Որովհետև ոչնչացնում են իսպառ ձևով։ Քաղաքականություն, որին նրանք մասնագիտացել էին տարիներ շարունակ»։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ևս ահազանգում է՝ Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը. - «Դեռևս պատերազմի ընթացքում և անմիջապես պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում մենք հավաքագրել ենք այդ տեսանյութերը։ Այն ժամանակ դեռևս ուղղակի ոչնչացվում էին կամ անարգանքի դրսևորումներ էին հայկական գերեզմանների նկատմամբ։ Հիմա համացանցում տարածվող տեսանյութերում կամ լուսանկարներում երևում է, որ մի քանի համայնքներում, ինչպիսին, օրինակ, Մեծ Թաղերի գերեզմանատունն է, որը ամբողջությամբ սրբված է և ճանապարհ է կառուցվում այդ տեղանքում։ Մի շարք այլ համայնքներում երևում է բարբարոսությունները գերեզմանատների նկատմամբ, և գերեզմանաքարերը օգտագործվում են որպես շինանյութ ճանապարհներ կառուցելու համար։ Որևէ այլ մեկնաբանություն, քան բարբարոսություն այս ամենին տալ չեմ կարող», - նշում է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

Պատերազմից հետո երկու մասի բաժանված Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց միայն՝ գերեզմանները քանդում են։

Գեղամ Ստեփանյանն ընդգծում է՝ միջազգային մարդասիրական իրավունքի սովորութային նորմերով հակամարտող կողմերը պետք է հարգանք ցուցաբերեն իրենց վերահսկողության տակ հայտնված գերեզմանների նկատմամբ, պետք է տարբերակիչ նշաններով առանձնացնեն գերեզմանավայրերն ու ապահովեն դրանց պահպանումը․ - «Փաստորեն Ադրբեջանը խախտում է ոչ միայն այս նորմերը, այլ նաև պետք է նշեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով, յուրաքանչյուր մարդ օժտված է անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հարգման իրավունքով։ Փաստորեն ոչնչացնելով այդ մարդկանց գերեզմանները, որոնք հարազատներն այսօր Արցախում են կամ տեղահանվել են և բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, [Ադրբեջանը] խախտում է նաև այդ անձանց ընտանեկան կյանքի և իրենց հարազատների հիշողությունը պահելու իրավունքը»։

Ադրբեջանն առայժմ չի արձագանքել հայկական կողմի այս մեղադրանքներին։ Պատերազմից հետո հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է, որ Ադրբեջանը ոչնչացնում, պղծում է իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող պատմամշակութային կոթողները։ Օրեր առաջ Արցախի օմբուդսմենը ահազանգել էր, որ այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Պաշտպանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող վանդալիզմի մասին միջազգային կառույցներին տեղեկություններ տրամադրվել են, սակայն միջազգային հանրությունը շարունակում է լռել, հայտարարություններից զատ՝ Ադրբեջանին ճնշելու հստակ, համակարգված քայլեր հայկական կողմը չի տեսնում։

XS
SM
MD
LG