Մատչելիության հղումներ

Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարը մտավախություն ունի, որ Հայաստանից արտագաղթած հադրութցիներն այլևս չեն վերադառնա


Պատերազմից 7 ամիս անց էլ Երևանում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ են գալիս արցախցիներ, որ խճճվել են պետական աջակցության ծրագրերից որևէ մեկում․ փողը կամ ուշանում է, կամ չկա, կամ էլեկտրոնային համակարգն իրենց չի նկատում։

«Եկել եմ տեսնեմ 68 հազարականները խի՞ են ուշացնում, չենք ստացել․․․ Ես էլ վարձով ապրող մարդ եմ», - ասում է Շուշան Սիմոնյանը, ով Երևանում վարձակալած բնակարանում է սպասում, որ Արցախում խոստացված տները կառուցեն ու ինքը վերադառնա գոնե Ստեփանակերտ։

Նրա հայրենիքը Հադրութի Թաղասեռն էր․ - «Էրկու տղաս մահացավ։ Ինձ հինգ տղա, մի աղջիկ ունեմ։ Հիմա մնաց երեք տղա մի աղջիկ»։

Օպերատիվ շտաբում ցուցանակներ են դարձել Ադրբեջանին անցած շրջանները՝ Հադրութ, Շուշի, Քաշաթաղ։ Հետպատերազմական առաջին ամիսների համեմատ, այժմ շտաբի միջանցքները ավելի սակավամարդ են։ Աշխատակիցների մի մասի տպավորությամբ, մարդիկ ուղղակի հոգնեցին խնդիրներից ու դռներ թակելուց։

Իսկ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանի կարծիքով, խնդիրների մեծ մասը՝ կապված փաստաթղերի, էլեկտրոնային բազաների հետ, լուծվեց․ - «Փաստաթղթային առումով պրոբլեմները որոշակի չափով նվազել են, բայցևայնպես դեռևս այդպիսի խնդիրներ կան՝ առանձնապես գումարները ստանալու հետ կապված»։

Հոսքն այստեղ ավելի մեծ էր նաև այն պատճառով, որ շտաբը նախկինում հնարավորություն ուներ գումարով օգնելու մարդկանց, այժմ աջակցում են միայն խիստ հրատապ դեպքերում։

Այս պահին արցախցիների համար գործում է 68 հազարների և վարձակալած բնակարանի համար 30 հազարական դրամի ծրագիրը։

«Ամենօրյա ծախսերի համար։ Եթե այստեղ աշխատանք չկա, չեք աշխատում, հյուրընկալության 30 հազարը գնում է կոմունալ վճարների կամ տան վարձի համար, իսկ 68 հազարը գոյատևելու համար հերիքում ա», - ասում է օպերատիվ շտաբի աշխատակից Ստեփան Հակոբյանը։

Նա շեշտում է, որ ֆինանսական աջակցության ծրագրից դուրս են մնում հատուկ կարգավիճակ չունեցող արցախցի տղամարդիկ․ - «18-ից 63 տարեկան տղամարդիկ, որոնք մասնակցել են առաջին պատերազմին, քառօրյա պատերազմին, այս պատերազմին, չեն զոհվել և չեն վիրավորվել, այսինքն՝ կարգավիճակ չունեն և չեն օգտվում այդ արտոնություններից։ Եվ այստեղ ոչ մի տեղ չեն աշխատում»։

Կառավարությանն առաջարկել են քննարկել այս տղամարդկանց ծրագրում ներառելու հարցը։

Հայաստանում այժմ շուրջ 24 հազար տեղահանված արցախցիներ են ապրում։ Շատերն են ուզում վերադառնալ, բայց առայժմ Արցախում տներ չկան։

Հադրութի վարչակազմի նախկին ղեկավար Կամո Պետրոսյանը իր ղեկավարած շրջանի բնակիչների օրինակով է տագնապում․ եթե Հայաստանից էլ արցախցիները հեռանան, էլ չեն վերադառնա։ 400 հադրութցի արդեն արտագաղթել է․ - «Դա ավելի ցավալի է։ Համոզված եմ, որ այդ արտագաղթողների մեծամասնությունը հետ չի գալու»։

Սոցիալական խնդիրներով ծանրացած շտաբի հարկաբաժիններից տարբերվում է առաջին հարկը։ Ներկեր, թելեր, ուլունքներ, գույնզգույն թղթեր՝ Երևանում վերաբացվել է Հադրութի մանկապատենական ստեղծագործական կենտրոնը և արդեն 38 խմբեր ունի Հայաստանի մարզերում։

Տնօրեն Իրա Թամրազյանը գործի է դրել հադրութցի ուսուցիչներին․ կարպետ, գուլպա գործել, ուլունքներ շարել, նկարել են սովորեցնում ու արդյունքն անպայման արտահանում․ - «Մինչև շաբաթվա վերջը մենք այդ ձեռքի աշխատանքները կուղարկենք Իսրայել՝ Թել Ավիվ»։

Ձեռագործ աշխատանքները՝ բարձի երեսներ, սփռոց, գոբելեն, Թել Ավիվ կհասնեն, Հադրութի պատկերները՝ Բելգիա, ցուցահանդես վաճառքի։

12-ամյա Անահիտը Հադրութի Օխտը դռնի վանքն է նկարում։ Ուսուցիչը հադրութցի նկարիչ Էրիկ Ալավերդյանն է, շտաբի պատերին նրա նկարած Հադրութն է, որ հիմա չկա․․․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG